Ադրբեջական
հեռուստաընկերություններից մեկը մարտի 10-ին հեռարձակել է տեսանյութ, որով ազդարարվում
է Ադրբեջանի կողմից անազատության մեջ պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության
հետ հարցազրույցների շարքի մասին։
Մարդու
իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ տեսանյութի նախապատրաստումն ու
տարածումը հակասում են խնդրին առնչվող միջազգային չափորոշիչներին։
Նշված
կարգավիճակով անձանց չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա տարբեր պատճառներով,
այդ թվում` անձի արժանապատվությունը հարգելու և նրան ցանկացած ոտնձգությունից պաշտպանելու
համար:
Գտնվելով
անազատության պայմաններում` նշված անձինք չեն կարող անկաշկանդ կերպով ձևավորել և ներկայացնել
իրենց համաձայնությունը տեսանկարահանվելու և իրենց մասնակցությամբ տեսանյութերի հեռարձակման
կամ տարածման առնչությամբ, ինչն ունի առանցքային նշանակություն։
Տվյալների
հրապարակման և սոցիալական ցանցերով տարածման հետևանքով նշված անձինք հանրության կողմից
լրացուցիչ թիրախավորվում են, ինչի մասին են վկայում նաև այդ տեսանյութի վերաբերյալ
ադրբեջանական օգտատերերի բացասական մեկնաբանությունները։
Հիշեցնենք,
որ դեռևս 2023 թվականի հունիսի 5-ին Ադրբեջանի hանրային հեռուստաընկերություններից
մեկը հեռարձակել էր տեսանյութ, որում անդրադարձել էր հայ ռազմագերիներին։ Ռեպորտաժում
ադրբեջանցի լրագրողը զրուցում էր 5 հայ ռազմագերու հետ։ Տեսանյութի և դրա տարածման
վերաբերյալ Պաշտպանը հայտարարությամբ էր հանդես եկել, որին կարելի է ծանոթանալ այստեղ։