Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած
աշխատանքային այցի շրջանակներում մարտի 6-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի ծրագրերի
համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի հետ:
Զրուցակիցները քննարկել են Պաշտպանի հաստատության և Եվրոպայի
Խորհրդի կողմից համատեղ իրականացվող ծրագրերի մանրամասները։ Այս համատեքստում Անահիտ
Մանասյանն ընդգծել է, որ բարձր է գնահատում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում
իր ղեկավարած հաստատության և Եվրոպայի Խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ
համագործակցությունը։
Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել կենսաբժշկության
ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ծրագրին, այդ թվում՝ Օվիեդոյի կոնվենցիան
Հայաստանի կողմից վավերացնելու հարցին, կանանց իրավունքների պաշտպանության, ընտանեկան
բռնության կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, Ստամբուլյան կոնվենցիան
վավերացնելու անհրաժեշտությանը:
Քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության
վիճակի հետ կապված հարցեր, ընգծվել է այդ ոլորտում իրականացվող ծրագրի կարևորությունը:
Պաշտպանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների
պաշտպանության ուղղությամբ, խտրականության,
անհանդուրժողականության, ատելության խոսքի դեմ պայքարի, հավաքների ազատության իրավունքի
և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել
փոխգործակցության ուղղությունները: