Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում
մարտի 5-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի
հետ։
Պաշտպանը
ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն
առնչվող հարցեր, անդրադարձ կատարել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք
աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների,
մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված
այլ դեպքերի մասին տեղեկություններ։ Նշված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների
պաշտպանի արտահերթ զեկույցում, որը տեղեկությունների իսկությունն ապացուցող խորհրդապահական
հատվածով Պաշտպանի կողմից ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ
ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։
Հանդիպման
ընթացքում, ի թիվս այլնի, Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել կանանց իրավունքների
պաշտպանությանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը, Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու
անհրաժեշտությանը, կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ծրագրի
իրականացման մանրամասներին, այդ թվում՝ Օվիեդոյի կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացնելու
հարցին:
Պաշտպանը
ներկայացրել է խտրականության, անհանդուրժողականության, ատելության խոսքի դեմ պայքարի,
հավաքների ազատության իրավունքի և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները:
Հանդիպման
ավարտին կողմերը բարձր են գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի
աշխատակազմի և Եվրոպայի Խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցության
մակարդակը և նախանշել փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությունները: