Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները
փետրվարի 28-ին և 29-ին չհայտարարված այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Վանաձոր» և «Աբովյան»
քրեակատարողական հիմնարկներ։
Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված, այդ
թվում՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում հացադուլ իրականացնող անձանց հետ: Ուսումնասիրվել են նրանց
իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները:
«Վանաձոր» ՔԿՀ-ում ազատությունից զրկված անձինք հարցեր են բարձրացրել
խցերում անհրաժեշտ պարագաների, օդափոխության համակարգի, ցուցված դեղորայքի բացակայության,
պատշաճ բժշկական օգնություն չտրամադրելու և այլնի վերաբերյալ, ինչը, ըստ իրենց, հանդիսացել
է հացադուլի պատճառ:
«Աբովյան» ՔԿՀ-ում ազատությունից զրկված անձինք հարցեր են բարձրացրել
կապված բժշկական սպասարկման հետ՝ նշելով, որ իրենց անհրաժեշտ հետազոտությունները բժշկական
կենտրոններում կազմակերպվում են ձգձգումերով: Ստացված տեղեկությունների համաձայն՝ հաճախ
խնդիրներ են առաջանում ազատությունից զրկված անձանց քաղաքացիական բժշկական հաստատություններ
տեղափոխելու, ընդունելու և այնտեղ բուժօգնության հետագա գործընթացները պատշաճ կազմակերպելու
հետ կապված:
Չնայած այն հանգամանքին, որ Պաշտպանը ՔԿՀ-ում ազատությունից
զրկված անձանց խնդիրների առնչությամբ պարբերաբար է քննարկումներ ունենում իրավասու
մարմինների հետ, այնուամենայնիվ, ևս մեկ անգամ ցանկանում է իրավասու մարմինների ուշադրությունը
հրավիրել ազատությունից զրկված անձանց պատշաճ բժշկական օգնությունը ՔԿՀ-ից դուրս բժշկական
հաստատություններում կազմակերպելուն առնչվող խնդիրներին և կոչ է անում հարցին համակարգային
լուծումներ գտնելու ուղղությամբ ձեռնարկել հրատապ, գործուն քայլեր:
Ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի
երաշխավորմանն ուղղված ներպետական և միջազգային չափանիշների համաձայն՝ դա պետության
պոզիտիվ պարտականությունն է:
ՄԻՊ ներկայացուցիչներն արձանագրված խնդիրները քննարկել են քրեակատարողական
հիմնարկների վարչակազմերի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան
ստորաբաժանումների բժշկական անձնակազմների հետ։
Չհայտարարված այցերի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների
կապակցությամբ գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։