2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին
առնչվող հարցերը գտնվել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական
ուշադրության ներքո
Ընդհանուր առմամբ ձմեռային զորակոչին ստացվել է 72 բողոք։ Բողոքները
մեծ մասամբ վերաբերել են բժշկական հետազոտություններին և փորձաքննություններին, առողջական
խնդիրների կապակցությամբ ուղեգրեր տրամադրելուն, բժշկական հանձնաժողովների եզրակացությունների
բողոքարկումներին, ընտանեկան պայմանների հիմքով տարկետումներին, առողջական վիճակն արտացոլող
փաստաթղթեր տրամադրելուն և այլ հարցերի
Զորակոչիկների առողջական վիճակին վերաբերող 21 բողոք Պաշտպանի
աշխատակազմում հրատապ դարձվել է քննարկման առարկա գրավոր ընթացակարգով, 15-ի կապակցությամբ
իրականացվել է արագ արձագանքում, 36 քաղաքացու հարցի լուծմանը Պաշտպանի աշխատակազմը
նպաստել է խորհրդատվության միջոցով։
Նշված ժամանակահատվածում Պաշտպանի աշխատակազմում զորակոչին վերաբերող
խնդիրներն արձանագրվել են մի քանի ուղղություններով ստացվող բողոքներով.
• թեժ գծի հեռախոսահամարներին ահազանգեր,
• գրավոր և բանավոր բողոքներ,
• զինկոմիսարիատ և Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստին
այցեր,
• զորակոչիկների և նրանց ծնողների հետ առանձնազրույցներ,
• ԶԼՄ-ների հրապարակումներ և այլն։
Զորակոչի ընթացքում Պաշտպանն այցելել է ՊՆ զորակոչային և զորահավաքային
համալրման ծառայության Երևանի թիվ 3 տարածքային ստորաբաժանում (զինկոմիսարիատ) Տեղում
ծանոթացել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի աշխատանքներին և փորձաքննության ընթացքին,
զրուցել զորակոչիկների հետ, անդրադարձել նրանց իրավունքներին առնչվող հարցերին
Ամբողջ զորակոչի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանն արդյունավետ
համագործակցություն է ունեցել ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի, զինկոմիսարիատների,
Կենտրոնական բժշկական հանձնաժողովի, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների
հետ
Այս կապակցությամբ ընդգծում և բարձր ենք գնահատում այն հանգամանքը,
որ 2023 թվականի ձմեռային զորակոչին Պաշտպանի կողմից զորակոչիկների առողջական վիճակի
վերաբերյալ Պաշտպանության նախարարություն ուղարկված գրություններով ներկայացված բոլոր
առաջարկները իրացվել են. զորակոչիկներն ուղեգրվել են լրացուցիչ հետազոտությունների
և ներկայացվել կրկնակի փորձաքննությունների, ստացել են իրենց անհրաժեշտ բժշկական փաստաթղթեր
ու եզրակացություններ, նրանց տրամադրվել են տարկետումներ և այլն
Ինչպես զորակոչիկների, այնպես էլ զինծառայողների ու նրանց ընտանիքների
անդամների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատանքի կարևոր ուղղություններից են, ոլորտում առկա խնդիրները պարբերաբար ամփոփվում
են Պաշտպանի աշխատակազմում և ըստ իրավասու գերատեսչությունների ներկայացվում են խնդիրների
լուծման առաջարկներ։