Մարդու
իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով խորհրդի
անդամները Պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ առաջին անգամ մասնակցել են ՄԱԿ-ի
երեխաների իրավունքների կոմիտեի Հայաստանի վերաբերյալ նախանիստին։
Կոմիտեի
նիստի ընթացքում երեխաները բարձրաձայնել են իրենց իրավունքներին առնչվող մի շարք հարցեր
և ներկայացրել դրանց վերաբերյալ իրենց դիտարկումները, ինչը չափազանց կարևոր է հետագայում
երեխաների իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ համակարգ ձևավորելու և որոշումների
կայացման գործընթացում երեխայի մասնակցության իրավունքի ապահովման տեսանկյունից։
Այցի շրջանակում
երեխաները հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող մի շարք հարցեր քննարկել Շվեյցարիայում
ՀՀ դեսպանի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում Դեսպանը ներկայացրել
է դիվանագիտական աշխատանքի առանձնահատկությունները,
պատասխանել երեխաներին հուզող մի շարք հարցերի։
Երեխաները հանդիպել են նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Երեխաների
և երիտասարդների իրավունքների հարցերով Խորհրդի անդամների այցելությունը կազմակերպվել էր Մարդու իրավունքների
պաշտպանի նախաձեռնությամբ` Հայասատում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի և «ՍՕՍ-մանկական գյուղեր»
հայկական բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։
Հիշեցնենք,
որ փետրվարի 8-ից 11-ը Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների
պաշտպան Անահիտ Մանասյանը Ժնևում մի շարք հանդիպումներ է անցկացրել, այդ թվում՝ Միավորված
ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարի և ՄԱԿ-ի մանկական
հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակներում։