Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հունվարի 31-ին
տեղի է ունեցել հանդիպում ՀՀ արդարադատության նախարարության, ՆԳՆ ոստիկանության, Դատական
դեպարտամենտի և Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների հետ։
Հանդիպման
ժամանակ Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության
պետ Լաուրա Գասպարյանը և Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու
իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը ներկայացրել են դատարանների
շենքերում ազատությունից զրկված անձանց պահելու խցերում Պաշտպանի կողմից իրականացված
մշտադիտարկման այցերի ընթացքում և անհատական բողոքներով արձանագրված խնդիրները։
Անդրադարձ
է կատարվել դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց սննդի, բուժօգնության
և փաստաբանական ծառայությունների պատշաճ տրամադրմանը։ Մասնավորապես, հաճախ խնդիր է
առաջանում անձանց, օրենսդրորեն սահմանված կարգով, պահածոյացված սնունդ տրամադրելու
և ընդունելու հետ։
Դատարանների
խցերում հիմնականում բացակայում են սեղանները, սնունդը տաքացնելու և պահպանելու հնարավորությունները,
ինչպես նաև սպասքը։ Չկան նաև օրենսդրական կարգավորումներ ազատությունից զրկված անձանց
դատարանների խցերում պատշաճ բուժօգնության և բժշկական ցուցմամբ մշտական ընդունվող դեղորայքի
տրամադրման վերաբերյալ։
Պաշտպանի
աշխատակազմում բողոքներ են ստացվել նաև փաստաբանների կողմից, երբ դատարանի խցում գտնվող
ազատությունից զրկված անձը օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի բացակայության պարագայում
զրկված է փաստաբանի հետ անարգել տեսակցության իրավունքից։
Վերոնշյալ
խնդիրները խոչընդոտում են ազատությունից զրկված անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությանը
և ունեն հրատապ լուծման կարիք։
Իրավասու
պետական մարմինների հետ քննարկման ընթացքում նախանշվել են լուծման արդյունավետ ուղիներ,
ընդգծվել է համապատասխան օրենսդրական կարգավորումների մշակման անհրաժեշտության հրատապությունը։