«Հրապարակ» օրաթերթի «ՄԻՊ-ը «ցրել» է և չի ընդունել արցախցի
դատավորներին» վերտառությամբ հրապարակման` Մարդու իրավունքների պաշտպանին վերաբերելի
հատվածը չի համապատասխանում իրականությանը:
Հունվարի 26-ին վերոնշյալ օրաթերթի նյութերից մեկում նշվել է,
իբր արցախցի դատավորները դիմել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին`
հանդիպման խնդրանքով, սակայն «վերջինս չի ընդունել նրանց, թեև շատերի հետ բավականին
ջերմ հարաբերություններ է ունեցել»։
Պաշտոնապես հայտարարում ենք, որ արցախցի դատավորները կենսաթոշակի
հարցով անձամբ Պաշտպանին պաշտոնական հանդիպման առաջարկով երբևէ չեն դիմել: Ավելին՝
ՄԻՊ աշխատակազմ հանդիպման առաջարկի վերաբերյալ ոչ գրավոր, ոչ էլ բանավոր դիմում չի
ստացվել:
Հրապարակման մեջ նաև նշվել է, որ ՄԻՊ ընտրվելուց հետո Անահիտ
Մանասյանն առաջին այցելություններից մեկը կատարել է Արցախ, «որտեղ նրան շատ ջերմ ընդունելության
են արժանացրել»: Հարկ ենք համարում հավելել, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը
ստանձնելուց հետո Անահիտ Մանասյանը նման այց չի իրականացրել՝ ԼՂ մուտք գործելու անհնարինությամբ
պայմանավորված:
Մարդու իրավունքների պաշտպանն ու Պաշտպանի ներկայացուցիչներն
անձամբ են գտնվել Սյունիքում Գորիսում և Կոռնիձորում, ինչպես նաև Վայքում, այնուհետև
անընդհատ այցեր են իրականացրել և իրականացնում ու հանդիպումներ են ունենում արցախցիների
հետ` փորձելով լուծումներ գտնել նրանց իրավունքներին վերաբերելի խնդիրներին։
Վերը նշվածի հաշվառմամբ՝ կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը
չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց և հրապարակելուց։ Այդ համատեքստում լրատվամիջոցների
մեր գործընկերներին կոչ ենք անում հետևել պատասխանատու լրագրության սկզբունքներին: