ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 18-ին մասնակցել է Մարդու իրավունքների
շուրջ Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական միություն երկխոսության 13-րդ նիստին։
ՀՀ պատվիրակությունը
գլխավորել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը,
իսկ ԵՄ պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բաժնի
ղեկավար տիկին Դորոտա Դլուչի-Սուլիգան:
Քննարկվել
են գենդերային հավասարությանը, խտրականության բացառմանը, հավաքների ազատությանը, խոսքի
և տեղեկատվության ազատությանը, ազգային փոքրամասնությունների, փախստականների իրավունքներին,
ինչպես նաև աշխատանքային իրավունքների ամրապնդմանն առնչվող և մի շարք այլ հարցեր:
Նիստի
շրջանակներում հատուկ ընդգծվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից
բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի ընդունման կարևորությունը:
Քննարկվել
է մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին առնչվող հարցերի ուղղությամբ բազմակողմ
հարթակներում, մասնավորապես՝ ՄԱԿ, ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի շրջանակներում համագործակցությունը՝
հաստատելով փոխգործակցությունն ամրապնդելու հանձնառությունը:
ՀՀ պատվիրակությունը
ԵՄ գործընկերներին ներկայացրել է վերոնշյալ հարցերի առնչությամբ Հայաստանի ձեռնարկած
քայլերն ու ընթացիկ աշխատանքները: Այս համատեքստում Անահիտ Մանասյանը ներկայացրել է
ոլորտների կատարելագործման ուղղությամբ կատարված քայլերը` հատուկ ընդգծելով նաև այն
գործողությունները, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել կոնկրետ բնագավառներում իրավունքների
պաշտպանության համակարգի զարգացման և ամրապնդման նպատակով։
Հատուկ
անդրադարձ է կատարվել 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում
լայնամասշտաբ ռազմական հարձակմանը, դրան հաջորդած բռնի տեղահանման հումանիտար հետևանքներին
և մարդու իրավունքների տեսանկյունից առաջացած խնդիրներին։ Քննարկվել են ավելի քան 100 հազար փախստականների
հրատապ կարիքները հասցեագրելու և նրանց սոցիալ-տնտեսական ներառումը դյուրին դարձնելուն
ուղղված ջանքերը, որի համար միջնաժամկետ հեռանկարում զգալի աջակցություն է պահանջվում: