Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար հունվարի 12-ին և 13-ին կազմակերպվել է «Փաստահավաք
առաքելության կարողությունների զարգացում» խորագրով աշխատաժողով:
Երկօրյա
միջոցառման նպատակն էր զարգացնել Պաշտպանի աշխատակազմի՝ փաստահավաք աշխատանքներ իրականացնելու
կարողությունները:
Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդես է եկել բացման խոսքով։
«Ցանկանում
եմ հատուկ ընդգծել, որ այս աշխատաժողովը վերաբերում է շատ առանցքային հարցի, այն է`
փաստահավաք աշխատանքների իրականացման ճիշտ մեթոդաբանությանը։ Ես՝ որպես Մարդու իրավունքների
պաշտպան, չափազանց կարևորում եմ, որ մեր աշխատակազմն այս ոլորտում ունենա զարգացած
կարողություններ և պատշաճ հմտություններ»,- ասել է Պաշտպան Անահիտ Մանասյանն իր բացման
խոսքում:
Աշխատաժողովին
որպես փորձագետներ ներգրավվել են իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, սոցիոլոգներ Ավետիք
Մեջլումյանն ու Գոհար Խաչատրյանը և իրավաբան Սոնա Ազատյանը, որոնք ներկայացրել են փաստահավաք
աշխատանքներ կատարելու վերաբերյալ ուղեցույցը և պատասխանել մասնակիցների հարցերին:
Միջոցառման
շրջանակներում հատուկ անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների
կողմից փաստահավաք աշխատանքների մեթոդաբանությանը, առանձնահատկություններին ու գործնական
խնդիրներին:
Միջոցառման
ինտերակտիվ հատվածում Պաշտպանի աշխատակազմը կատարել է առաջադրանքներ, հնարավորություն
է տրվել մշակել փաստահավաք գործունեության նպատակներին համահունչ հետազոտական գործիքներ
և ներկայացնել արդյունքները:
Աշխատաժողովը
կազմակերպվել է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի կառույցների կողմից իրականացվող
«Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի
շրջանակներում:
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված նման միջոցառումները
կրում են շարունակական բնույթ։