Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի
ներկայացուցիչները դեկտեմբերի 27-ի առավոտյան մշտադիտարկման այց են կատարել Աշխատանքի
և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ: Նպատակն էր
տեղում ծանոթանալ հաստատության շահառուների առօրյային և իրավունքներին վերաբերելի խնդիրներին:
Անահիտ
Մանասյանը տուն-ինտերնատի տնօրեն Խաչիկ Ղազարյանի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել
տարածքով, զրուցել տարեց բնակիչների հետ և պատասխանել նրանց հուզող հարցերին:
Շրջայցին
հաջորդել է տոնական համերգը՝ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում գործող
«Ճախրուկ» մշակութային կենտրոնի էթնո երաժշտախմբի սաների մասնակցությամբ: «Ճախրուկների»
հետ կատարումներով են հանդես եկել նաև տուն-ինտերնատի շահառուները:
«Սեր և
ջերմություն միմյանց փոխանցելով է հնարավոր աշխարհն ավելի լավը դարձնել: Այսօրվա միջոցառումը
կայացավ հենց այդ սիրո և ջերմության մթնոլորտում: Այն զգացողությունը, որով յուրաքանչյուրս
այստեղից հեռանալու է, աննկարագրելի է: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Որպես
Մարդու իրավունքների պաշտպան` ցանկանում եմ հատուկ ընդգծել՝ Ձեր իրավունքներին առնչվող
հարցերը գտնվում են աշխատակազմի և իմ անմիջական ուշադրության ներքո»,-ասել է Պաշտպանը՝
դիմելով ներկաներին:
Տոնական
օրվա ավարտին Անահիտ Մանասյանը «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի բնակիչներին նվիրել
է շախմատ և սեղանի այլ խաղեր՝ հույս հայտնելով, որ դրանց շնորհիվ նրանց առօրյան էլ
ավելի հետաքրքիր կդառնա: