Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառումների
շրջանակում Պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից դեկտեմբերի
21-ին կազմակերպվել է քննարկում «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների
ապահովման հիմնախնդիրները» թեմայով։
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Անահիտ Մանասյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Տաթևիկ Ստեփանյանը։
Քննարկմանը մասնակցել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի,
ՀՀ դատախազության, ՆԳՆ Ոստիկանության, հոգեկան առողջության կենտրոնների, իրավասու պետական
գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և Կանխարգելման
ազգային մեխանիզմի փորձագետներ։
Անահիտ Մանասյանն իր խոսքում կարևորել է նման ձևաչափով քննարկումների
անցկացումը, որոնք հնարավորություն են տալիս բարձրաձայնել ոլորտում առկա խնդիրները
տարբեր դիտանկյուններից։
«Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքներին
վերաբերելի խնդիրների շուրջ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ունի արդյունավետ
և ակտիվ համագործակցություն տարբեր պետական մարմինների, հոգեկան առողջության կենտրոնների,
հասարական կազմակերպությունների ներկայացուցիչների և այլ իրավասու գերատեսչությունների
հետ։ Ցավոք, դրա հետ մեկտեղ շարունակում են չլուծված մնալ բազմաթիվ խնդիրներ, որոնք
բերում են այնպիսի իրավիճակի, որ մենք ունենում ենք մարդու իրավունքների պաշտպանության ոչ լիարժեք համակարգ»,- ասել է Անահիտ
Մանասյանը։
Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ այս քննարկման շրջանակում ընդգրկվել
են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքներին առնչվող բոլոր ոլորտները
և պատասխանատու մարմինները, քանի որ առկա խնդիրները պետք է ուսումնասիրվեն համալիր,
տարբեր տեսանկյուններից, որպեսզի հնարավորություն լինի նախանշել լուծման արդյունավետ
ուղիներ։
Միջոցառման ընթացքում քննարկվել են հոգեբուժական կազմակերպություններում
անձանց իրավունքների ապահովման վիճակը,
մասնավորապես՝ համայնքահեն ծառայությունների ապահովումը, ոլորտի
միասնական քաղաքականության անհրաժեշտությունը, հոժարակամ և ոչ հոժարակամ բուժմանն առնչվող
խնդիրները, բժշկակական բնույթի հարկադրանքի միջոցների և զսպման մեխանիզմների կիրառումը,
հոգեբուժական հաստատություններում առկա ոչ բավարար պահման պայմանները, գերբնակեցումը,
ժամկետանց դեղորայքի կիրառումը և մի շարք այլ հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև հոգեբուժական կազմակերպություններում
բուժանձնակազմի մասնագիտական վերապատրաստումների և սոցիալական երաշխիքների բարելավման
անհրաժեշտությանը։
Քննարկումը կազմակերպվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու
իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում Եվրոպական միության ֆինանսավորմամբ
ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի աջակցությամբ: