Երևանում և ՀՀ մարզերում թափառող շների՝ մարդկանց, այդ թվում
երեխաների վրա, պարբերաբար հարձակումների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանին
հասցեագրված բողոքների, թեժ գծին ստացված ահազանգերի, ինչպես նաև հրապարակային տեղեկությունների
հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ անմիջապես նախաձեռնվել է ուսումնասիրության ընթացակարգ։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ թափառող շները մարդկանց
լուրջ վնասվածքներ են պատճառել։ Ավելին, դպրոցի ճանապարհին առկա աղբակույտի շուրջը
թափառող 5 շների հարձակման հետևանքով արձանագրվել է երեխայի մահվան դեպք։
Հաշվի առնելով մարդու իրավունքների խախտումների վտանգավորության
աստիճանն ու խնդրի հրատապությունը՝ Պաշտպանը, ինչպես յուրաքանչյուր դեպքով, այնպես
էլ համակարգային հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու պահանջով գրություններ
է հասցեագրել իրավասու մարմիններին։
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ մարդկանց
վրա թափառող շների հարձակման դեպքերը կանխելու ուղղությամբ պետությունը պետք է մշակի
ավելի արդյունավետ և գործուն մեխանիզմներ, որոնք առավելագույնս կնպաստեն խնդրի լուծմանը
և կապահովեն մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։ Ընդ որում, նշված միջոցառումները
պետք է կրեն համալիր բնույթ: Այս տեսանկյունից կարևոր է նաև համայնքներում աղբահանության
և սանիտարական մաքրման աշխատանքների ապահովումը։
Խնդրի արդյունավետ լուծման համար անհրաժեշտ են համատեղ ջանքեր
ու մասնագիտական քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ կենդանիների պաշտպանությամբ
զբաղվող կազմակերպությունների հետ։