Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 18-ին Վանաձորում հանդիպում է անցկացրել
հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր:
Պաշտպանն ընդգծել է նման հանդիպումների և քաղաքացիական հասարակության
հետ համագործակցության կարևորությունը:
«Որպես Պաշտպան՝ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը
գնահատում եմ չափազանց կարևոր և արդյունավետ: Ինձ համար առանցքային է անձամբ Ձեզանից
լսել մարդու իրավունքների առնչությամբ խնդիրները
և միասին քննարկել դրանց լուծման ուղիները»,-ասել է Պաշտպանը՝ ողջունելով քննարկման
մասնակիցներին:
Անահիտ Մանասյանը նշել է, որ Հայաստանում քաղաքացին իրեն պետք
է պաշտպանված զգա, իսկ դրա համար անհրաժեշտ է շատ լուրջ և պրոֆեսիոնալ աշխատանք: Այս
համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ Վանաձորում իրավապաշտպանների հետ հանդիպում անցկացնելու
գաղափարը պատահական չէ, քանի որ նրանք իրականացնում են մեծածավալ աշխատանք, մշտապես
բարձրաձայնում են հրատապ լուծումներ պահանջող խնդիրները:
Հատուկ անդրադարձ է կատարվել հաշմանդամություն ունեցող անձանց
իրավունքներին: Պաշտպանն ընդգծել է, որ չնայած պետության կողմից ձեռնարկվող քայլերին՝
հաշմանդամություն ունեցող անձինք իրենց իրավունքներն իրացնելիս շարունակում են հանդիպել
բազմաթիվ խոչնդոտների և խնդիրների, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրաձայնվել
են տարատեսակ զեկույցներում, հայտարարություններում, տարբեր միջազգային և ներպետական
հանդիպումների ժամանակ, արձանագրվել և հասցեագրվել են պետական իրավասու մարմիններին:
Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել
քննարկմանը մասնակցելու համար և ընդգծել, որ մի շարք խնդիրներ հնարավոր է լուծել միայն
համատեղ աշխատանքով: