Տարածված տեղեկությունների համաձայն՝ Երևանի Արցախի պողոտայի
23/10 շենքի բնակիչներն իրենց դժգոհությունն են հայտնել, որ շենքի նկուղում շահագործվող
«Նիկոլ Դուման» ձուլարանի գործունեությունն էկոլոգիական լուրջ վտանգ է ներկայացնում:
Ըստ հրապարակումների՝ ձուլարանի շահագործման արդյունքում շրջակա բնական միջավայրի համար
վտանգ ներկայացնող նյութեր են արտադրվում, որի հետևանքով բնակիչների առողջությանը լուրջ
վնաս է հասցվում:
Վերոնշյալի կապակցությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ
Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։
Պարզաբանումներ ստանալու նպատակով համապատասխան գրություն է
հասցեագրվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է՝ առողջության
պահպանման իրավունքը մարդու կարևորագույն իրավունքներից է։ Ավելին, Հայաստանի Հանրապետության
սահմանադրական կարգի հիմունքներից է շրջակա միջավայրի պահպանությունը։ Ուստի պետությունը
պետք է ունենա և գործադրի քննարկվող արժեքների ապահովման պատշաճ կառուցակարգեր: