Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար դեկտեմբերի
7-ին անցկացվել է «Պայքար ատելության խոսքի և ատելության շարժառիթով կատարված հանցագործությունների
դեմ» թեմայով վերապատրաստման դասընթաց։
Միջոցառումը կազմակերպվել է Միջազգային Իրավական Համագործակցության
գերմանական հիմնադրամի (IRZ) աջակցությամբ։ Գերմանական փորձը ՄԻՊ աշխատակազմին ներկայացրել
է Գյոթինգենի դատախազության ավագ դատախազ, Համացանցում ատելություն առաջացնելուն դեմ
ուղղված հանցավորության դեմ պայքարի կենտրոնական մարմնի ներկայացուցիչ Ֆրանկ-Միխաել
Լաուեն:
Մասնակիցները գործնական օրինակների միջոցով ուսումնասիրել են
համացանցում ատելության խոսքի տարածումը, հրահրումը, ինչպես նաև ատելության խոսքի դեմ
պայքարին ուղղված՝ քրեական հետապնդման գերմանական մարմինների մոտեցումները և գործող
մեխանիզմները։
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Անահիտ Մանասյանը, Միջազգային Իրավական Համագործակցության գերմանական հիմնադրամի Հարավարևելյան
Եվրոպայի II և Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավար Ֆրանկ Հուպֆելդը և Հայաստանում Գերմանիայի
դեսպանության ներկայացուցիչ Սոֆի Բրաունը:
Պաշտպանն իր բացման խոսքում կարևորել է Միջազգային Իրավական
Համագործակցության գերմանական հիմնադրամի հետ համագործակցությունը։
«Ատելության խոսքի հաղթահարումն ինձ համար՝ որպես Մարդու իրավունքների
պաշտպանի, կարևոր առաջնահերթություններից է։ Մեր հասարակությունում առկա խնդիրներից
շատերի հիմքում, ցավոք, առկա անհանդուրժող և խտրական միջավայրն ու ատելության խոսքն
են։ Այս տեսանկյունից շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք ունենալ պատշաճ գործիքակազմ
ու հմտություններ ատելության խոսքի և այդ շարժառիթով կատարված հանցագործությունների
դեմ պայքար մղելու համար»,- ասել է Անահիտ Մանասյանը։
Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Հեղինե Ենգոյանը ներկայացրել
է Հայաստանում ատելության հրահրման և բռնության կոչերի համար պատասխանատվություն սահմանող
օրենսդրությունը և Պաշտպանի աշխատակազմի արձանագրած օրենսդրական ու գործնական խնդիրները։
Դասընթացի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև ատելության
խոսքից բխող վտանգներին, ատելության խոսքը ատելություն հրահրող խոսքի այլ դրսևորումներից
տարանջատելու սկզբունքներին, ատելության հրահրման դեմ քրեաիրավական պայքարին վերաբերող
գերմանական, եվրոպական, միջազգային իրավական ստանդարտներին և այդ պայքարի արդյունավետության
բարձրացմանն ուղղված օրենսդրական փոփոխություններին։
Դասընթացի ավարտին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում
ծրագրային այլ միջոցառումների անցկացման պայմանավորվածություն է ձեռք բերվել։