Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար դեկտեմբերի
4-ին անցկացվել է հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում թեմայով
վերապատրաստման դասընթաց:
Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համաֆինանսավորմամբ դասընթացն
իրականացվել է «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի
շրջանակում «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի համատեքստում։
Դասընթացի նպատակն էր խորացնել մասնակիցների գիտելիքները խտրականության
դեմ պայքարի ոլորտում, մասնավորապես ռասիզմի և անհանդուրժողականության տեսանկյունից:
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Անահիտ Մանասյանը և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ
Լոնգանգեն:
Անահիտ Մանասյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել և կարևորել
աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված նման դասընթացների կազմակերպումը,
որոնք նպաստում են մարդու իրավունքների պաշտպանության ավելի ամուր համակարգի ձևավորմանը.
«Մարդու իրավունքների պաշտանության պատշաճ մակարդակն անհնար է առանց խտրականության
արգելքի սկզբունքի պահպանման: Յուրաքանչյուրս
մեր ամենօրյա աշխատանքով պետք է նպաստենք ոչ խտրական միջավայրի ձևավորմանը: Մարդու
իրավունքների պաշտպանության տեսանկյունից սա ունի առանցքային նշանակություն»:
Դասընթացի ժամանակ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները Եվրոպայի
Խորհրդի փորձագետներ Արա Ղազարյանի և Կատրին Վլադաշի հետ գործնական օրինակների միջոցով
ուսումնասիրել են խտրականության տարբեր դրսևորումները, առկա միջազգային չափանիշները`
Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության՝ խտրականության ոլորտում գործող ստանդարտների
օրինակով, իրավական պաշտպանության եղանակները, ինչպես նաև քննարկել ոլորտին վերաբերելի
համակարգային հարցերը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների
զարգացմանն ուղղված նման միջոցառումները կրում են շարունակական բնույթ։