Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների
իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամներից 13-ը Պաշտպան Անահիտ Մանասյանի
հետ այսօր՝ նոյեմբերի 23-ին, մասնակցել են Կառավարության նիստին։
Երիտասարդներն ու երեխաներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղել
են գործադիրի ղեկավարին և անդամներին։
Մասնավորապես բարձրաձայնվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված
անձանց տրամադրվող օգնությանը, բնակարանային տարածքների տրամադրմանը, տների վաճառքի
և վարձակալության գներին, էլեկտրոնային հարթակներից օգտվելու մատչելիությանը, «Ակադեմիական
քաղաք» ծրագրի շրջանակներում մասնավոր համալսարանների և կրթական հաստատությունների
առկայությանը, ուսումնական հաստատություններում հաշմանդամություն ունեցող երեխաների
համար պայմանների ապահովմանը, այդ թվում՝ թեքահարթակների առկայությանը վերաբերելի և
մի շարք այլ հարցեր։
Նիստին մասնակցել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ
Քրիսթինե Վայգանդը։
Երեխաների մասնակցությունը նիստին խորհրդանշական է: Այն նվիրված
էր նոյեմբերի 20-ին նշվող երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման
օրվան։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է երեխաների և երիտասարդների
ակտիվ մասնակցությունն իրենց իրավունքների պաշտպանության և որոշումների կայացման գործընթացում:
Այդ նպատակով Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների
հարցերով հասարակական խորհրդի անդամները պարբերաբար քննարկումներ են ունենում Պաշտպանի
և աշխատակազմի հետ, ներկայացնում իրենց հուզող հարցերն ու խնդիրները, երեխաների իրավունքների
պաշտպանության հետ կապված հարցերի վերաբերյալ դիտարկումները։