Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ նոյեմբերի 16-ին, ընդունել է ՄԱԿ-ի ճշմարտության
խթանման, արդարադատության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խրախուսման հարցերով
հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի
գրասենյակի Հատուկ ընթացակարգերի բաժնի մարդու իրավունքների պատասխանատու Բրենդա Վուկովիչին։
Ողջունելով
հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղություններն
ու առաջնահերթությունները։ Այս համատեքստում
նա ընդգծել է ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ
պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը: Պաշտպանը նշել է,
որ այդ երևույթներն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լայն տարածում
են գտնում, ինչն անընդունելի է: Հատկապես մտահոգիչ է ատելության խոսքի կիրառումն ակադեմիական
համայնքում, քաղաքական և հանրային գործիչների կողմից, ինչպես նաև մեդիադաշտում։ Պաշտպանը
հատուկ ընդգծել է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային
խոսույթից:
Անահիտ
Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն
առնչվող հարցեր։ Պաշտպանը հատուկ անդրադարձել է անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված
փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում
քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման
և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։
Հանդիպման
շրջանակներում քննարկվել են նաև զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության
վիճակի հետ կապված հարցեր:
Իրենց
հերթին Ֆաբիան Սալվիոլին և Բրենդա Վուկովիչը շնորհակալություն են հայտնել ընդունելության
համար՝ կարևորելով Պաշտպանի հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության
պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։