ԵԱՀԿ աջակցությամբ
հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին տեղի ունեցած Ազգային Ժողովի Պաշտպանության և անվտանգության
հանձնաժողովին կից ստեղծված «Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության
ազգային հարթակի» ընդհանուր ժողովի հանդիպման շրջանակներում կազմակերպված քննարկմանը
մասնակցել են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը,
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳՆ շտաբի պետ Արմեն Մկրտչյանը,
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների
իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը, պատգամավորներ, ԵԱՀԿ, ԱԳՆ,
Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի,
Անվտանգության խորհրդի, Գլխավոր դատախազության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ
և փորձագետներ։
Ողջունելով
մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ անվտանգային ոլորտը և դրա նկատմամբ ժողովրդավարական
վերահսկողությունն ունեն բացառիկ կարևորություն նաև մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ
ունենալու տեսանկյունից։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ հասարակության շրջանում տասնամյակներ շարունակ եղել
է պատկերացում, որ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, ժողովրդավարական վերահսկողությունը
հակադրվում են անվտանգությանը և անվտանգային ոլորտին, սակայն դա թյուր ընկալում է։
«Ցանկանում
եմ հատուկ ընդգծել, որ անհնար է ունենալ պատշաճ անվտանգային ոլորտ` առանց մարդու իրավունքներին
վերաբերելի արժեքների արմատավորման և հակառակը՝ հնարավոր չէ ունենալ մարդու իրավունքների
պաշտպանության անխափան գործող համակարգ` առանց պատշաճ անվտանգային ոլորտի առկայության։
Հետևաբար, մեր հիմնական նպատակը պետք է լինի նշված երկու ոլորտների համադրված և զուգահեռաբար
զարգացումը»,- նշել է Պաշտպանն իր բացման խոսքում։
Անահիտ
Մանասյանը ներկայացրել է նաև այս առնչությամբ ՄԻՊ հաստատության գործունեության հիմնական
ուղղությունները՝ նշելով, որ չնայած պետության կողմից ձեռնարկվող քայլերին, քննարկվող
ոլորտում դեռ բազմաթիվ են խնդիրները, որոնք պետք է ստանան պատշաճ հասցեավորում և լուծում։
Պաշտպանն
անդրադարձել է նաև ոստիկանության բարեփոխումներին և ընդգծել դրանց կարևորությունը,
այդ թվում` իր ղեկավարած կառույցի գործունեության տեսանկյունից։
«Ոստիկանության
ներկայացուցիչների հետ պարբերաբար հանդիպումների ժամանակ ինքներս ենք քննարկում տարատեսակ
խնդիրներ, փորձում հասկանալ դրանց լուծման ուղիները։ Մարդու իրավունքների պաշտպանն
անընդհատ է բարձրաձայնում ոլորտում առկա լուրջ խնդիրների մասին։ Իհարկե ցանկանում եմ
արձանագրել նաև կատարված առաջընթաց քայլերը։ Բայց ակնհայտ է, որ դեռ կան չլուծված բազմաթիվ
հարցեր, օրինակ՝ հավաքների ազատության իրավունքի իրացման շրջանակներում ոստիկանության
կողմից անհամաչափ ուժի կիրառման խնդիրը, որն այս պահին ունի համակարգային լուծումների
անհրաժեշտություն։ Կարևոր է հաղթահարել նաև ոստիկանության կողմից անձանց իրավունքները
սահմանափակելիս այդ գործընթացում սահմանափակման իրավաչափությանը վերաբերելի տարբեր
խնդրահարույց հարցերը։ Շատ կարևոր է, որպեսզի պետությունը ոչ թե հատվածական և իրավիճակային,
այլ համակարգային և մեթոդաբանական մոտեցումներ ունենա այս խնդիրների լուծման վերաբերյալ»,-
նշել է Պաշտպանը։
Պաշտպանի
կարծիքով, առանցքային է իրավապահ համակարգում բարեվարքության և մարդու իրավունքների
նկատմամբ զգայունության մակարդակի բարձրացումը, ինչն առանձնահատուկ դերակատարություն
կարող է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի արմատավորման
տեսանկյունից։
Անահիտ
Մանասյանն իր խոսքում կարևորել է նաև զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը
վերաբերելի լուրջ խնդիրների պատշաճ հասցեավորումն ու դրանց հաղթահարման ուղղությամբ
հետևողական քայլերի ձեռնարկումը։
Ավարտելով
ելույթը՝ Պաշտպանը կարևորել է հարթակի առկայությունը, քանի որ այն հնարավորություն
է ստեղծում քննարկել ոլորտին առնչվող խնդիրների լուծման համատեղ տարբերակներ։