Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ընդունել է ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Գերագույն դատարանի դատավոր, Ամերիկայի հայ իրավաբանական միության անդամ Արմենուհի Էմի Աշվանյանին:
Ողջունելով հյուրին՝ Պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից
բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր։ Այս
համատեքստում Անահիտ Մանասյանն անդրադարձել է անձամբ իր և աշխատակազմի կողմից
իրականացված փաստահավաք աշխատանքներին, որի ընթացքում ստացվել են ադրբեջանական
ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների,
մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով
արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։
Նշված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի
արտահերթ զեկույցում, որը տեղեկությունների իսկությունն ապացուցող խորհրդապահական
հատվածով Պաշտպանի կողմից առաջինն է ներկայացվել մարդու իրավունքների
պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին,
այդ թվում` ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ներկայացվելով որպես
մարդու իրավունքների խախտումները վավերագրող փաստաթուղթ։
Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության
սահմանային անվտանգությամբ պայմանավորված` մարդու իրավունքների պաշտպանության
հիմնախնդիրներին՝ արձանագրելով, որ մարդու իրավունքների պաշտպանության և
երաշխավորման տեսանկյունից խիստ մտահոգիչ է ադրբեջանական զինված ուժերի
ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում։
Կողմերը քննարկել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի
հաստատության և Ամերիկայի հայ իրավաբանական միության համագործակցության ընդլայնման
հետ կապված հարցեր։
Իր հերթին Արմենուհի Էմի Աշվանյանը շնորհակալություն է հայտնել
ջերմ ընդունելության համար, կարևորել է Պաշտպանի հաստատության դերը մարդու
իրավունքների պաշտպանության բարձր առաքելության իրականացման գործում։