Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի
19-ին, ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության իրավաբան և իրավունքի գերակայության
փորձագետ Մելիսա Հուփերի պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է
ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների
պաշտպանությանը վերաբերելի խնդիրները, որոնք արձանագրվել են առաջնային կարիքների գնահատում
իրականացնող կենտրոններում և ժամանակավոր կացարաններում իր և ՄԻՊ աշխատակազմի կողմից
շարունակական իրականացվող փաստահավաք աշխատանքների արդյունքում:
Պաշտպանը հատուկ անդրադարձել է ԼՂ հայ բնակչության նկատմամբ
իրականացված էթնիկ զտումների քաղաքականությանը, ինչպես նաև ադրբեջանական ուժերի կողմից
խոշտանգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ
դեպքերին:
Անահիտ Մանասյանն անդրադարձել է ադրբեջանական ագրեսիայի
արդյունքում առաջացած լուրջ հումանիտար խնդիրներին և մարդու հիմնարար իրավունքների
խախտումներին։ Այս համատեքստում կարևորվել են Պաշտպանի կողմից ներկայացվող զեկույցները,
որոնց միջոցով մշտադիտարկումների արդյունքները փաստաթղթավորվում են։
Հանդիպման շրջանակում Պաշտպանն անդրադարձել է ՀՀ սահմանամերձ
բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակին՝ արձանագրելով, որ մարդու
իրավունքների պաշտպանության և երաշխավորման տեսանկյունից խիստ մտահոգիչ է ադրբեջանական
զինված ուժերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում։
Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև Պաշտպանի գործունեության
առաջնահերթությունները՝ ընդգծելով ատելության խոսքի բացառման ուղղությամբ կատարվող
աշխատանքների ու ծրագրերի կարևորությունը։ Քննարկվել են նաև լրատվամիջոցների կողմից
կարծիքի ազատ արտահայտման իրավունքի երաշխավորման, լրագրողների անվտանգության ապահովման
հետ կապված հարցեր։
Ի թիվս այլ հարցերի քննարկվել են նաև ԱՄՆ Միջազգային զարգացման
գործակալության և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև համագործակցության
ընդլայնման հնարավոր ուղղությունները, ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Պաշտպանի աշխատակազմի կարողությունների
զարգացման հնարավորությունը: