«Երևանի
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցած բռնության դեպքի վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացված ահազանգերի, ինչպես նաև հրապարակային
տեղեկությունների հիման վրա Պաշտպանն անմիջապես նախաձեռնել է ուսումնասիրության ընթացակարգ,
իրականացվել է բազմակողմանի քննարկում։
Պարզաբանումներ
ստանալու պահանջով գրություններ են ուղարկվել պետական իրավասու մարմիններին։ Հաշվի
առնելով խնդրի հրատապությունը` Պաշտպանը խիստ կարևորում է դրա լուծման առնչությամբ
անհետաձգելի և կոնկրետ միջոցառումների իրականացումը։
Դեռևս,
2023 թվականի մայիսին Մարդու իրավունքների պաշտպանը և աշխատակազմի ներկայացուցիչները
չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Զատիկ» կենտրոն, արձանագրվել են մի
շարք խնդիրներ, որոնք ի թիվս այլնի, վերաբերել են հաստատությունում բռնության բոլոր
ձևերից պաշտպանված լինելու իրավունքին, բնակելի տարածությանը, այդ թվում՝ տղաների ննջասենյակներին
ներկայացվող չափանիշներին, երեխաների հանդեպ և երեխաների միջև բռնության դեպքերի, ինքնավնասումների,
փախուստի և վնասվածքների գրանցումների ոչ պատշաճ ապահովմանը, աշխատողների ռեսուրսի
պակասին և աշխատանքների իրականացման մեթոդաբանությանը: Արձանագրված խնդիրները և դրանց
լուծմանն ուղղված համապատասխան առաջարկություններն ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարություն։ Գրություն է հասցեագրվել նաև ՀՀ գլխավոր դատախազություն։ Պարբերաբար
քննարկումներ են տեղի ունեցել իրավասու մարմինների հետ (արձանագրված խնդիրներին ավելի
մանրամասն կարող եք ծանոթանալ՝ անցնելով https://ombuds.am/am/site/ViewNews/2519 հղմամբ):
Մարդու
իրավունքների պաշտպանը բազմիցս անդրադարձել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող
հաստատություններում առկա համակարգային խնդիրներին, որոնք ունեն անհետաձգելի լուծման
անհրաժեշտություն:
Պաշտպանը
ևս մեկ անգամ ընդգծում է, որ երեխայի պաշտպանությունը բռնությունից պետության առաջնահերթ
պարտավորությունն է։ Պետք է մանրամասն վերլուծել բռնության կատարման պատճառներն ու
նպաստող գործոնները, որպեսզի ձեռնարկվեն համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ՝ հետագայում
երեխայի նկատմամբ բռնության որևէ դեպք բացառելու նպատակով։
Այս համատեքստում
պետությունը պարտավոր է հրատապ և գործուն քայլեր ձեռնարկել երեխաների խնամք և պաշտպանություն
իրականացնող հաստատություններում բռնության դեպքերը բացառելու, ինչպես նաև այնտեղ գտնվող
երեխաների համար անվտանգ և ապահով միջավայր ապահովելու ուղղությամբ։
Լրատվամիջոցների
մեր գործընկերներին խնդրում ենք հեռացնել և չհրապարակել երեխաներին նույնականացնող
որևէ տվյալ՝ բացառելով երեխային թիրախավորելու ռիսկերը և ապահովելով անձնական տվյալների
պաշտպանությունը։