Շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի
և Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի համատեղ այցերը
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարաններ։
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Անահիտ Մանասյանն ու Դունյա Միյատովիչը
հանդիպել են Կոտայքի մարզում ժամանակավոր բնակություն հաստատած մեր հայրենակիցների
հետ:
Ծաղկաձոր խոշորացված համայնքի հանգստյան տներից մեկում այս պահին
բնակվում է բռնի տեղահանված 105 անձ, այդ թվում՝ 40 երեխա:
Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ. Պաշտպանին և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
անձինք ներկայացրել են իրենց կրած զրկանքները և բռնի տեղահանման արդյունքում առաջացած
խնդիրները։ Անդրադարձ է կատարվել կենսաթոշակների, պետական նպաստների վճարման հետ կապված
հարցերին:
Հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների և հաշմանդամություն
ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված հարցերին։
Բացի այդ, Պաշտպանն այցելել է նաև բռնի տեղահանված անձանց` Ծաղկաձորի
ԵՊՀ «Համալսարան» հյուրանոցում տեղակայված ժամանակավոր կացարան, որտեղ այս պահին գտնվում
է բռնի տեղահանված 167 անձ, այդ թվում՝ 44 երեխա:
Պաշտպանը տեղում ուսումնասիրել է բռնի տեղահանված հայրենակիցների
պահման պայմանները, կարիքների գնահատման, բժշկական օգնության և սպասարկման, սննդի,
անձնական հիգիենայի պարագաների տրամադրման գործընթացները։
Պաշտպանը բռնի տեղահանված անձանց հետ ունեցել է խորհրդապահական
առանձնազրույցներ, լսել նրանց բարձրաձայնած խնդիրները։
Այցի արդյունքում Պաշտպանի արձանագրած խնդիրները կամփոփվեն և
դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն
իրավասու մարմիններին: