Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Եվրոպայի Խորհրդի
մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն այսօր՝ հոկտեմբերի 17-ին,
համատեղ այց են իրականացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց` Աղավնաձոր
բնակավայրում տեղակայված ժամանակավոր կացարան։
Բռնի տեղահանված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ,
ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, կարիքների գնահատման, բժշկական
օգնության և սպասարկման, սննդի, անձնական հիգիենայի պարագաների տրամադրման
գործընթացները։ Հատուկ ուշադրություն է դարձվել հաշմանդամություն ունեցող անձանց
իրավունքների ապահովման հետ կապված հարցերին։
Բռնի տեղահանված անձինք Պաշտպանին և ԵԽ մարդու իրավունքների
հանձնակատարին ներկայացրել են իրենց կրած զրկանքները և բռնի տեղահանման
արդյունքում առաջացած խնդիրները։
Նրանց կողմից Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված հարցերը
տեղում քննարկվել են պատասխանատու աշխատակիցների, այդ թվում՝ բուժաշխատողների հետ։
Այցի արդյունքում Պաշտպանի արձանագրած խնդիրները կամփոփվեն և դրանց
լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն
իրավասու մարմիններին:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման
հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության ներքո։
Մարդու իրավունքների Պաշտպանի և Պաշտպանի աշխատակազմի այցերը լինելու են
շարունակական։
Ամենօրյա ռեժիմով իրականացվում են մշտադիտարկում և փաստահավաք
աշխատանքներ՝ ապահովելով արձանագրված խնդիրների հասցեավորումն ու լուծումը։