Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
ստացվել են մի շարք բողոքներ Քննչական մարմիններ և Ոստիկանության բաժիններ
փաստաբանների մուտքը չթույլատրելու, այդ թվում՝ քրեական վարույթով ներգրավված
պաշտպանի մուտքը քննչական մարմին տևական ժամանակ չթույլատրելու, Ոստիկանության
բաժնում վարչական իրավախախտումներով վարույթի շրջանակում փաստաբանի մուտքը՝ նրա
վստահորդի հետ կնքված պայմանագիր ներկայացնելու պահանջով պայմանավորելու դեպքեր և
այլն։
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ փաստաբանության ինստիտուտն
ունի առանձնահատուկ նշանակություն իրավաբանական օգնություն ստանալու անձի
սահմանադրական իրավունքի իրացման գործում: Պատահական չէ, որ Սահմանադրությամբ իր
ամրագրումն է գտել նաև իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով անկախության,
ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության
գործունեության երաշխավորման պահանջը:
Փաստաբանի պաշտպանված մասնագիտական
գործունեությունը երկրում մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի
կարևոր նախապայմաններից է: Արդարադատության համակարգում և իրավունքի գերակայության
ապահովման գործում այն ունի առանցքային դերակատարություն: Փաստաբանի անխոչընդոտ
մասնագիտական գործունեության դերը և այդ առնչությամբ պետությունների
պարտավորությունները նախատեսված են նաև ՄԱԿ-ի մի շարք փաստաթղթերով։ Բացի այդ,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիտարկմամբ՝ առանց անհարկի խոչընդոտների
իրենց մասնագիտական գործունեությամբ զբաղվելու փաստաբանների ազատությունը
ժողովրդավարական հասարակության էական բաղադրիչ է և անհրաժեշտ նախապայման «Մարդու
իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի
պահանջների իրագործման համար։
Ավելին, ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում փաստաբանի
լիազորությունների իրականացումը խոչընդոտելու համար։ Մասնավորապես, Քրեական
օրենսգրքի 491-րդ հոդվածը սահմանում է՝ «Փաստաբանի լիազորությունների իրականացումը
խոչընդոտելը, եթե դա դրսևորվել է իր վստահորդին տեսակցելու նպատակով ազատությունից
զրկման ցանկացած վայր փաստաբանի մուտքն ապօրինի չթույլատրելով...»։
Փաստաբանի անարգել մուտքն ու վստահորդին տեսակցելն ինքնանպատակ չեն։ Այդ
երաշխիքները նպատակ ունեն ապահովել իրավաբանական օգնության կարիք ունեցող անձի
իրավունքների լիարժեք իրացումը, իսկ տեսակցելու արգելքը մի շարք դեպքերում կարող է
ուղղակիորեն հանգեցնել անձի պաշտպանության իրավունքի ոտնահարման:
Փաստաբանի մուտքը չթույլատրելու վերաբերյալ Պաշտպանին ներկայացված յուրաքանչյուր
բողոքի կամ ահազանգի դեպքում, նկատի առնելով մարդու իրավունքների պաշտպանության
տեսանկյունից դրա կարևորությունը, Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է
անհապաղ միջամտություն: Բարձրացված հարցը բանավոր ընթացակարգով անհապաղ քննարկվում
է իրավասու պետական մարմնի ներկայացուցչի հետ, իսկ նման ընթացակարգով հարցը
չլուծվելու դեպքում՝ արագ արձագանքման ձևով կազմակերպվում է այց տվյալ մարմին: Ընդ
որում, հարկ է ընդգծել, որ նմանաբնույթ խնդիրները մեծամասամբ բանավոր ընթացակարգով
ստանում են լուծում, և այդ առնչությամբ Պաշտպանը կարևորում է Ոստիկանության և
Քննչական մարմինների հետ հաստատված կայուն համագործակցությունը: Միևնույն ժամանակ,
Պաշտպանն առանցքային է համարում խնդրի առնչությամբ համակարգային լուծումների
մշակման ու իրացման անհրաժեշտությունը՝ նկատի ունենալով այն, որ օրենքով սահմանված
դեպքերի և կարգի խախտմամբ փաստաբանների մուտքը չթույլատրելու դեպքերը հանգեցնում
են խնդրահարույց պրակտիկայի ձևավորման, ինչը վտանգում է վարույթն իրականացնող
մարմնի վարչական շենքում գտնվող անձանց՝ հատկապես քրեական հետապնդման ենթարկվող
անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի գործնական երաշխավորումը:
Դրա հետ մեկտեղ կարևոր է, որ փաստաբաններն
իրենց հերթին պահպանեն օրենսդրությամբ սահմանված պահանջները, այդ թվում՝
նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու անհրաժեշտությունը նկատի ունենալու
դիտանկյունից:
Պաշտպանի աշխատակազմում արձանագրված
խնդիրներն ամփոփվել են և անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով
համապատասխան գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին։