Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, տեղի է ունեցել Մարդու իրավունքների
պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով
փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստը, որի ժամանակ ներկայացվել ու քննարկվել են
ոչ մարտական պայմաններում բանակում մահվան դեպքերի և կարգապահության ամրապնդման
հետ կապված խնդիրները, վարժական հավաքների գործընթացում անձանց իրավունքների
վիճակը, ինչպես նաև մարդու իրավունքների և հումանիտար իրավիճակը՝ Լեռնային
Ղարաբաղում վերջին զարգացումների համատեքստում:
Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված
ուժերում» ծրագրի աջակցությամբ կազմակերպված կլոր-սեղան քննարկմանը մասնակցել են
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Եվրոպայի խորհրդի, Ազգային ժողովի,
Պաշտպանության նախարարության, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության
ծառայության, Անվտանգության խորհրդի գրասենյակի, Փաստաբանների պալատի, Հասարակական
կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Անահիտ Մանասյանը, Եվրոպայի խորհրդի Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ
ծրագրերի իրականցման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանը, ՀՀ պաշտպանության
նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է,
որ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների և ընդհանրապես
Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերն իր
առաջնահերթություններից են։
«Ինձ հասցեագրված անհատական բողոքները, թեժ գծին ստացվող
ահազանգերը, զորամասեր և զինվորական մյուս հաստատություններ մեր այցերը, ինչպես
նաև զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների հետ անընդհատ շփումները
հնարավորություն են տալիս վեր հանել համակարգային ու ընթացիկ խնդիրները և դրանք
դարձնել քննարկումների առարկա` նպատակ ունենալով գտնել խնդիրների լուծման
կառուցակարգեր»:
Նիստի ընթացքում ՄԻՊ աշխատակազմի Զինծառայողների և նրանց
ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը
ներկայացրել է խաղաղ պայմաններում մահվան դեպքերը և բանակում կարգապահության
ամրապնդման հետ կապված խնդիրները. «Զինված ուժերի մարտունակությունն ուղիղ կապված
է զինվորական կարգապահության հետ։ Բանակում վերջին 3 տարիներին ունենք
ինքնավնասումների ու մահացության դեպքերի աճ, ինչը խիստ մտահոգիչ է:
Պաշտպանի աշխատակազմում այս պահին ակտիվ վարույթներում են գտնվում
խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով մի շարք դիմում֊բողոքներ և
քննարկման ընթացակարգեր: Այս բոլոր խնդիրները մենք դասակարգում ենք ինչպես թեժ գծի
ահազանգերի, գրավոր և բանավոր բողոքների, ԶԼՄ հրապարակումների, այնպես էլ՝
զորամասեր մշտադիտարկման այցերի և զինվորականների հետ առանձնազրույցների հիման
վրա»:
Խորհրդի նիստում քննարկվել են նաև վարժական հավաքների գործընթացում
անձանց իրավունքների պաշտպանության վիճակը, Մարդու իրավունքների պաշտպանին
հասցեագրված բողոքների, Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների
անդամների իրավունքների պաշտպանության բաժնի իրականացրած տարբեր մշտադիտարկման
այցերի ընթացքում վերհանված խնդիրները և դրանց լուծման ուղիները։
Մասնակիցները հարց ու պատասխանի ժամանակ բարձրաձայնել են ոլորտին
վերաբերող համակարգային հարցերը: Տեղի է ունեցել խորհրդի նիստի աշխատանքների
ամփոփում և հետագա անելիքների վերաբերյալ մտքերի փոխանակություն։
Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի
երևանյան գրասենյակի, իրավասու պետական մարմինների և քաղաքացիական հասարակության
հետ ձևավորված բարձր մակարդակի համագործակցությունը, որի արդյունքում հերթական
անգամ արդյունավետ հարթակ ստեղծվեց առկա խնդիրները համատեղ քննարկելու համար: