Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ընդունել է Վրաստանում
ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին և գրասենյակի քաղաքական հարցերով
պատասխանատու Արկադիուշ Լեգիչին։
Ողջունելով
հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների միջազգային իրավունքի
և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների դեպքերը, որոնք արձանագրվել են Ադրբեջանի
վերջին ագրեսիայի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից
հայ բնակչության բռնի տեղահանման ընթացքում:
Պաշտպանը
հատուկ անդրադարձել է ԼՂ հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների քաղաքականությանը,
ինչպես նաև ադրբեջանական ուժերի կողմից խոշտանգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝
միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերին:
Պաշտպանը
ներկայացրել է նաև իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները՝
շեշտելով բռնի տեղահանված անձանց իրավունքների շարունակական երաշխավորման անհրաժեշտությունը:
Հանդիպման
շրջանակում Անահիտ Մանասյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ
պայմանավորված` մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին՝ արձանագրելով,
որ մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման տեսանկյունից խիստ մտահոգիչ է
ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում։
Կողմերը
քննարկել են Պաշտպանի կողմից արձանագրված մարդու իրավունքների կոպիտ խախտումների՝ միջազգային
իրավունքին հանրածանոթ մեխանիզմների ներդրմամբ
հասցեագրման կարևորությունը:
ՆԱՏՕ-ի
կապի գրասենյակի ղեկավարը այս համատեքստում կարևորել է Պաշտպանի մանդատի շրջանակում
թե՛ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին
և դերակատարներին, և թե՛ պետությանը ներկայացվող առաջարկությունները:
Հանդիպման
ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու համագործակցությունը
մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ: