«Միջազգային հանրությունը հոկտեմբերի 10-ին նշում է Հոգեկան
առողջության համաշխարհային օրը: Սա առիթ է հասարակությանը ևս մեկ անգամ հիշեցնելու
հոգեկան առողջության կարևորության վերաբերյալ` միավորելով ջանքերը ոլորտում առկա խնդիրների
վերհանման և կարգավորման ուղղությամբ:
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ մեր հասարակության
լիիրավ անդամ են, ունեն այն բոլոր իրավունքները, ինչ յուրաքանչյուրս, մինչդեռ նրանց
նկատմամբ առկա հասարակական և սոցիալական ընկալումները, խտրական վերաբերմունքը նրանց
դարձնում են ավելի խոցելի:
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք հաճախ խոցելի են
նաև իրենց իրավունքներն ինքնուրույն իրացնելու և պաշտպանելու տեսանկյունից, և արդյունքում
դուրս են մնում հասարակական հարաբերությունների և կյանքի տարբեր բնագավառներից, ինչպես
նաև իրենց վերաբերելի որոշումների կայացումից:
Մեր երկրում այս տեսանկյունից կան համակարգային տարբեր խնդիրներ,
որոնցից գլխավորը շարունակում է մնալ Հայաստանում հոգեբուժական օգնության և սպասարկման
ոլորտում համայնքահեն ծառայությունների անարդյունավետ կիրառությունը:
Մտահոգիչ է այն հանգամանքը, որ հոգեկան առողջության պահպանման
ոլորտում առկա համակարգային խնդիրների լուծմանը համապարփակ մոտեցում չի ցուցաբերվում
Անգործունակության ինստիտուտը վերափոխման կարիք ունի, անհրաժեշտ են նշված հարցին վերաբերող
ռազմավարական փաստաթղթեր, որոնք թույլ կտան վերհանված խնդիրները կարգավորել միասնական
քաղաքականության շրջանակում և պատշաճ հսկողություն իրականացնել ոլորտի նկատմամբ։
Հարկ եմ համարում հատուկ ընդգծել, որ առկա խնդիրները վերհանելու,
լուծման պատշաճ մեխանիզմներ մշակելու նպատակով Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների
և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները պարբերաբար չհայտարարված
այցեր են իրականացնում հոգեկան առողջության տարբեր կենտրոններ։
Վեր հանված խնդիրներն ամփոփվում են, մշակվում են, դրանց լուծման
տարբերակները ներկայացվում են պետական իրավասու մարմիններին: Բացի այդ, բոլոր խնդիրները
տեղ են գտնում նաև Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի
տարեկան զեկույցում։
Յուրաքանչյուրս
մեր ամենօրյա աշխատանքով պետք է ձևավորի այնպիսի միջավայր, որտեղ հոգեկան առողջության
խնդիրներ ունեցող անձանց իրավունքների իրացումը երաշխավորված կլինի»։