Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է անգլերեն արտահերթ նախնական զեկույց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման վայրերում իր և աշխատակազմի կողմից
իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքների ու տեղահանված անձանց հետ անհատական
զրույցների վերլուծության վերաբերյալ։
Պաշտպանը
զեկույցում ամփոփել ու վերլուծել է նաև փաստահավաք աշխատանքների ընթացքում ձեռք բերված
տեղեկությունները ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված հանցանքների ու դաժանությունների
վերաբերյալ, փաստագրել է բռնի տեղահանված անձանց, շտապօգնության մեքենաների թիրախավորման,
երեխաների ու կանանց իրավունքների խախտումների ապացույցները։ Ներկայացվել են նաև քաղաքացիական
անձանց ու կենսական ենթակառուցվածքների թիրախավորման, անձանց հասցված գույքային վնասների
դեպքերը։
Զեկույցն,
ի թիվս այլնի, ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ամփոփում է, որ հաստատում
է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականությունը, որը նաև Ադրբեջանում պետական
մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է:
Նշված
տեղեկատվության վերլուծության արդյունքում Պաշտպանը ներկայացրել է առաջարկություններ
պետական մարմիններին հիշյալ խումբ անձանց իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործման
և առանձնահատուկ կառուցակարգերի ներմուծման առնչությամբ։
Նախնական
զեկույցն ամբողջական բովանդակությամբ ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության
մանդատ ունեցող միջազգային կառույցներին, ինչպես նաև իրավասու պետական մարմիններին: