Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակում է
հանդիպումներ ունենալ միջազգային գործընկերների հետ՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից
բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը։
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Պաշտպանն ընդունել է Ժնևում ՄԱԿ Հումանիտար
հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) ղեկավար և ներկայացուցիչ Մոհան Ռամեշ Ռաջասինգամի
գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում են եղել նաև Հայաստանում ՄԱԿ մշտական
համակարգողի ժամանակավոր պարտականությունները կատարող Նատիա Նացվիլիշվիլին և ՄԱԿ-ի
մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դենիս Բեսեդիչը:
Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված
անձանց իրավունքների պաշտպանության վիճակը՝ առանձին դեպքերով ներկայացնելով միջազգային
իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի առերեևույթ խախտումները:
Պաշտպանը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված
անձանց իրավունքների պաշտպանությանը միտված՝ առաջնային կարիքների գնահատում իրականացնող
կենտրոններում՝ Կոռնիձորում, ապա նաև Գորիսում և Վայքում, իր և աշխատակազմի կողմից
իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներին։
Պաշտպանը նաև ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմում ադրբեջանական հրապարակային աղբյուրների ու սոցիալական մեդիայիում տարածվող
հրապարակումների մշտադիտարկումների արդյունքները, արձանագրելով որ սոցիալական ցանցերի
օգտատերերի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանն էթնիկ ծագման հիմքով թիրախավորող,
ատելություն և բռնություն քարոզող և արդարացնող մեծաքանակ գրառումներ են առկա։ Պաշտպանն այս համատեքստում արձանագրել է, որ ադրբեջանական
հասարակության նման անհանդուրժողական վերաբերմունքը հետևանքն ու ապացույցն է Ադրբեջանի
իշխանությունների հայատյաց քաղաքականության։
Կողմերը մտքեր են փոխանակել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված
անձանց հումանիտար և իրավական խնդիրների հասցեագրման վերաբերյալ, վերահաստատելով մարդու իրավունքների՝ բոլոր իրավիճակներում և աշխարհի
ցանկացած անկյունում գերակա լինելու կարևորությունը։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել
ընդլայնել համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերի
առնչությամբ։