Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման
խմբերը սեպտեմբերի 23-ին մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ Երևան քաղաքի տարբեր
հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի
շրջանակներում:
Ազատությունից զրկված անձանց հետ տեղի են ունեցել
առանձնազրույցներ, ուսումնասիրվել են բերման ենթարկելու հիմքերը, Ոստիկանության
բաժիններում նրանց իրավունքների ապահովման վիճակը:
Մարդու իրավունքների պաշտպանը կրկին շեշտում է, որ ոստիկանության
ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով,
դեպքերում և համաչափ: Պաշտպանը նաև կոչ է անում հավաքի մասնակիցներին ցուցաբերել
զսպվածություն և պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջները։ Հավաքի խաղաղ
բնույթը պետք է երաշխավորված լինի։
Կարևոր է նաև, որպեսզի այս իրավիճակում հասարակական և քաղաքական
գործիչները, զանգվածային լրատվության միջոցները ոչ միայն բացառեն ատելություն,
բռնություն կամ անհանդուրժողականություն քարոզող ցանկացած խոսք, այլ հակազդեն նման
խոսքին:
Հանրային համերաշխությունը կարող է ապահովվել միայն այլոց նկատմամբ
հանդուրժողական, նրբանկատ և զգայուն վերաբերմունքի ու հարգալից երկխոսության
միջոցով։ Այդպիսի միջավայրին պետք է նպաստեն ինչպես պետական իրավասու մարմիններն
ու պաշտոնատար անձինք, այնպես էլ հանրային և քաղաքական այլ գործիչներն ու
զանգվածային լրատվության միջոցները։
Տեղեկացնում ենք, որ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով,
աշխատակազմում իրականացվում են մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ:
Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100։