Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի` Երևանի ավագանու ընտրությունների անկախ մշտադիտարկում
իրականացնող աշխատանքային խմբի անդամներն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, հանդիպել են Կենտրոնական
ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) քարտուղար Արմեն Սմբատյանի և իրավաբանական վարչության
պետ Լիլիա Հակոբյանի հետ։
«Պատշաճ
ընտրական գործընթացի կազմակերպումն իրավունքի գերակայության և ժողովրդավարության կարևոր
ցուցիչ են։ Արդյունավետ համագործակցության պայմաններում կարող ենք խնդիրներին տալ լուծումներ
նախքան դրանց ծագելը։ Այս հանդիպումը հնարավորություն է առկա խնդիրները, մեզ մոտ ստացվող
բողոքները, ինչպես նաև օրենսդրական բացերը միասին քննարկելու, և լուծման մեխանիզմներ
մշակելու տեսանկյունից»,- ողջունելով հյուրերին` ասել է Պաշտպան Անահիտ Մանասյանը։
Հանդիպման ընթացքում իրականացվել է մի շարք հարցերի
առնչությամբ քննարկում, ՄՒՊ աշխատակազմի ներկայացուցիչների կողմից ներկայացվել են նախորդ
ընտրությունների ժամանակ արձանագրված և ներկայումս ևս հավանական խնդիրները, նախանշվել
են համագործակցության ուղղություններ։
Անդրադարձ
է կատարվել հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի պատշաճ իրացմանը։
Արմեն
Սմբատյանը տեղեկացրել է, որ այս տարի շուրջ 180 ընտրատեղամաս մատչելի կամ մասամբ մատչելի
է հաշմանդամություն ունեցող անձանց համար, բոլոր ընտրատեղամասերում առկա կլինեն բրայլյան
կաղապարով քվեաթերթիկներ, որոնք հնարավորություն կտան տեսողության խնդիրներ ունեցող
քաղաքացիներին քվեարկել անձամբ։ Նա ներկայացրել է նաև ընտրական օրենսդրության վերջին
փոփոխությունները, ինչպես նաև ընտրական գործընթացին առնչվող տարաբնույթ խնդիրների վերաբերյալ
հանձնաժողովի մոտեցումները։
Հիշեցնենք,
որ սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու հերթական ընտրություններին ընտրական
իրավունքների երաշխավորումն ու առավել արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով
Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Այդ օրն
աշխատակազմն աշխատելու է արտակարգ ռեժիմով՝ հետևելով և արձագանքելով մարդու իրավունքների
ենթադրյալ խախտումներին, ինչպես նաև դրանց առնչությամբ Պաշտպանի լիազորությունների
շրջանակներում ձեռնարկելով անհրաժեշտ գործողություններ:
Ընտրական
իրավունքի իրացմանն առնչվող բողոքները Պաշտպանի աշխատակազմ կարող եք ուղղել շուրջօրյա
անվճար գործող թեժ գիծ հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100: