Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ սեպտեմբերի
5-ին, ընդունել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան
Հակոբյանի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման շրջանակում քննարկվել են մեդիայում ատելության խոսքի,
խտրականության, բռնության քարոզի դեմ պայքարին առնչվող հարցերը։ Պաշտպանն ընդգծել
է միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա այս խնդիրները հասցեագրելուն
ուղղված կառուցակարգերի և մեթոդաբանության մշակման անհրաժեշտությունը:
Հատուկ անդրադարձ է կատարվել հաշմանդամություն ունեցող անձանց
համար տեսալսողական մեդիայով տրամադրվող տեղեկատվության հասանելիության և
մատչելիության ապահովմանը: Մասնավորապես, շեշտվել է, որ Երևանի ավագանու 2023
թվականի ընտրությունների քարոզարշավի լուսաբանման ժամանակ տրամադրվող
տեղեկատվությունը լսողական խնդիրներ ունեցող անձանց համար մատչելի չէ, մեծամասամբ
բացակայում են սուրդո թարգմանությունը և լուսագրերը։
Հանդիպման ավարտին կողմերն առանձնացրել են համագործակցության և
համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները, ինչպես նաև երկուստեք ընդգծվել է
միջգերատեսչական կայուն փոխգործակցության հաստատման կարևորությունը: