Մամուլում
տարածված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանավորված
31-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել` կախվելով ճաղավանդակից: Դեպքի կապակցությամբ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման
ընթացակարգ։
Նշված
դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով
համապատասխան գրություններ են հասցեագրվելու ՀՀ գլխավոր դատախազություն, Առողջապահության
և Արդարադատության նախարարություններ։
Մարդու
իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է.
• ազատությունից
զրկված անձանց մոտ ինքնասպանությունների կանխարգելման և նրանց հետ հոգեբանական աշխատանքի
արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ են մասնագիտական ուղեցույցներ, իսկ նշված
անձանց հետ, ըստ անհրաժեշտության, խորքային հոգեբանական աշխատանքներ,
• ինքնավնասումների
և ինքնասպանությունների ռիսկի գնահատման գործիքների կիրառման պրակտիկան ունի կատարելագործման
լուրջ անհրաժեշտություն։ Պետք է իրականացնել ինքնավնասումների և ինքնասպանությունների
զննության և ռիսկի գնահատման գործիքների վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների
պարբերական վերապատրաստումներ՝ շեշտադրելով դրանց կարևորությունը։
«Չափազանց
կարևոր է, որ իրականացվի քրեակատարողական հիմնարկ ընդունված ազատությունից զրկված անձանց`
ինքնասպանության ռիսկայնության պատշաճ գնահատում, ինքնավնասման կամ ինքնասպանության
ռիսկի խմբին դասվող ազատությունից զրկված անձանց հասանելի չլինեն կյանքից զրկելու միջոցները, իսկ ինքնասպանության և ինքնավնասման կանխարգելման
վերաբերյալ քրեակատարողական ծառայողներն անցնեն պարբերական վերապատրաստումներ»,- նշում
է Մարդու իրավունքների պաշտպանը։
Հոգեկան
առողջության խնդիրներ ունեցող ազատությունից զրկված անձանց հոգեբուժական օգնության
և սպասարկման հետ կապված խնդիրների առնչությամբ առաջարկվում է հոգեբուժական խնդիրներ
ունեցող ազատությունից զրկված անձանց կողմից ստացիոնար բուժումից հրաժարվելու պարագայում
քննարկման առարկա դարձնել վերջիններիս նկատմամբ ոչ հոժարակամ բուժման անհրաժեշտությունը՝
պահպանելով օրենսդրության պահանջները։