Այսօր լրացել է 247-րդ օրն, ինչ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը գտնվում է շրջափակման մեջ, և երկու
ամիս է, ինչ վերջիններս զրկված են որևէ տեսակի հումանիտար օգնությունից, այդ թվում՝
բժշկական միջոցներից, առաջին անհրաժեշտության պարագաներից և սննդից։
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ Ադրբեջանի կողմից
Լաչինի միջանցքի արգելափակումը հանգեցրել է բնակչության հիմնարար իրավունքների կոպիտ
խախտումների, ներառյալ՝ կյանքի, արժանապատվության, ֆիզիկական և հոգեկան առողջության
պահպանման, ազատ տեղաշարժի, անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի, կրթության, սննդի,
բավարար կենսամակարդակի, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների։
Հումանիտար ճգնաժամը հատկապես անբարենպաստ ազդեցություն
ունի խոցելի խմբերի ներկայացուցիչների իրավունքների վրա, ինչպիսիք են երեխաները, տարեցները,
կանայք, հաշմանդամություն ունեցող անձինք և այլն։ Մասնավորապես, շրջափակման մեջ են
գտնվում 30000 երեխա, 9000 հաշմանդամություն ունեցող անձ, 20000 տարեց և 60000 կին։
Շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետը դրսևորվում է բնակիչների բնականոն
կյանքի բոլոր ոլորտներում: Պաշտպանի ամբողջական հայտարարությունը՝ այստեղ: