«Վանաձորից Երևան ժամանած հաշմանդամություն ունեցող մի խումբ
երեխաների մուտքը «Ակվատեկ» մարզաառողջարանային համալիր արգելելու վերաբերյալ տեղեկությունը
սոցցանցերում հայտնվելուց հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմին
անմիջապես հանձնարարել է զբաղվել վերոնշյալ խնդրով՝ պատճառները պարզելու համար: Փաստական
հանգամանքները պարզելու նպատակով կապ է հաստատվել կողմերի հետ։
Ըստ ներկայացված տվյալների՝ «Ակվատեկ» և «Ջրաշխարհ» ժամանցի
վայրերը պատկանում են նույն ընկերությանը։
«Ակվատեկ»-ը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձաց կարիքներին: Ստացված
տվյալները վկայում են նաև, որ այդ օրը հնարավոր չի եղել ապահովել հաշմանդամություն
ունեցող ութ անձանց միաժամանակյա մուտքը տարածք և անվտանգ ժամանցը։ Դրանով պայմանավորված՝
վերջիններիս առաջարկվել է օգտվել «Ջրաշխարհ»-ում տրամադրվող ծառայություններից։
Կողմերի հետ Պաշտպանի աշխատակազմի իրականացրած հեռախոսազրույցների,
ինչպես նաև համացանցում լրատվամիջոցներին կողմերի հայտնած տեղեկությունների վերլուծության
արդյունքում պարզվել է. հաշվի առնելով տարածքի բացօթյա լինելը և եղանակային պայմանները՝
Վանաձորից ժամանած խումբը չի օգտվել «Ջրաշխարհ»-ի ծառայություններից։
Ձեռք բերված տվյալների հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանն
արձանագրում է, որ միջադեպի պատճառn ընկերությանը
պատկանող «Ակվատեկ» ժամանցի վայրի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի
չլինելը, ինչը Հայաստանի Հանրապետությունում կրում է համընդհանուր բնույթ։
Պաշտպանը՝ որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների
մասին» ՄԱԿ-ի՝ 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության
մշտադիտարկումն իրականացնող պաշտոնատար անձ՝ բազմիցս անդրադարձել է մատչելիության սկզբունքի
ապահովման անհրաժեշտությանը՝ շեշտելով խոչընդոտների և արգելքների բացահայտման և վերացման
ուղղությամբ աշխատանքների իրականացման կարևորությունը։
Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ևս մեկ անգամ
ընդգծել, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ձևավորմանն ուղղված
միջոցառումներն իր անմիջական ուշադրության կենտրոնում են։ Աշխատակազմը շարունակում
է իրականացնել այս ոլորտի օրենսդրական դաշտի և պրակտիկայի կատարելագործմանն ուղղված
աշխատանքներ»։