Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը «Երիտասարդների
կողմից՝ երիտասարդների համար» ազգային երիտասարդական համաժողովի շրջանակում այսօր՝
օգոստոսի 1-ին, մասնակցել է պանելային քննարկման։
Ողջունելով մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանն անդրադարձել է մարդու
իրավունքների պաշտպանության վիճակին, ՄԻՊ հաստատության առաջնահերթություններին,
կառույցի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող
աշխատանքներին։
Պաշտպանը կարևորել է միասնականության գաղափարը և ցանկացած խնդրին
պրոֆեսիոնալ մոտենալու անհրաժեշտությունը։
«Ցանկացած խնդրի լուծման համար մեկ դերակատարի աշխատանքը բավարար
չէ։ Բացի այդ, դրական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է լինել ծայրահեղ
պրոֆեսիոնալ։ Միշտ չէ, երբ բոլորն ունեն միևնույն տեսակետը։ Սակայն տեսակետների
տարբերությունը երբեք չպետք է վնասի ընդհանուր շահերին։ Այս համատեքստում
առաջնային է աշխատանքին պորֆեսիոնալ մոտեցումն ու համախմբվածությունը»,- նշել է
Անահիտ Մանասյանը։
Պաշտպանն իր խոսքում անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակման
հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակին, ներկայացրել բուժման նպատակով Հայաստան
տեղափոխվող 68-ամյա տղամարդուն Ադրբեջանի կողմից առևանգման առնչությամբ
իրականացվող աշխատանքները, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ։
Անահիտ Մանասյանը պատասխանել է նաև երիտասարդների հարցերին, որոնք
վերաբերել են պետական շահի և մարդու իրավունքների պաշտպանությանը։
Ազգային երիտասարդական եռօրյա համաժողովին մասնակցում են 18-35
տարեկան սփյուռքահայ երիտասարդներ՝ համայնքային, իրավական, գիտական, կրթական,
մշակութային և այլ շրջանակներից։ Այն անցկացվում է ինտերակտիվ և ներառական
ձևաչափով։