Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 26-ին աշխատանքային այց է իրականացրել
Տավուշի մարզ: Պաշտպանին ուղեկցել են ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները:
Առաջին կանգառը մարզպետարանն էր, որտեղ մարզպետ
Հայկ Ղալումյանի հետ քննարկվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի
մի շարք հարցեր, ներկայացվել են մարզում իրականացվող աշխատանքները:
«Ինձ համար՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանի,
մարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն առաջնահերթություն է: Իհարկե, խնդիրներ
շատ կան, դրանք տարաբնույթ են: Մեր առաքելությունն է տեղական ինքնակառավարման մարմինների
հետ համատեղ գտնել դրանց լուծման տարբերակներ: Վերահաստատում եմ այդ ուղղությամբ համագործակցաբար
աշխատելու իմ և ՄԻՊ աշխատակազմի պատրաստակամությունը: Անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր
քաղաքացու համար իրավունքների իրացման հնարավորություն ստեղծվի»,- նշել է Պաշտպանը:
Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել
գյուղական բնակավայրերի բնակիչների խնդիրներին, որոնք արձանագրվել էին դեռևս հուլիսի
5-ի այցի ժամանակ՝ կապված խմելու և ոռոգման ջրի մատակարարման, կարկուտի հետևանքով հասցված
վնասների փոխհատուցման, բանկային քարտերով անկանխիկ գործարքների իրականացման խոչընդոտների
հետ:
Պաշտպանն ընդծել է, որ արձանագրված խնդիրները
և լուծման տարբերակները պարբերաբար ներկայացվում են պետական իրավասու մարմիններին:
Այնուհետև Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ ՊՆ N զորամաս: Հրամանատարական կազմը Պաշտպանին
ներկայացրել է զինծառայողների և սպայական անձնակազմի ծառայության պայմանները, առկա
խնդիրները:
Անահիտ Մանասյանը շրջելով զորամասի տարածքում`
ծանոթացել է շենք-շինությունների, սոցիալ-կենցաղային պայմաններին, մասնագիտական սենյակների
հագեցվածությանը: Նա զրուցել է նաև զորամասի տարբեր մասնագետների հետ, խորհրդապահական
առանձնազրույցներ ունեցել զինծառայողների հետ: Պաշտպանը քննարկել է նրանց առողջական
վիճակի հետ կապված հարցեր, անդրադարձել նրանց բարոյահոգեբանական վիճակին, հետաքրքրող
հարցերին:
Հանդիպում է անցկացվել նաև զորամասի կանանց խորհրդի
հետ: Անահիտ Մանասյանն այցելել է նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Իջևանի ՌՈ բաժին,
որի կարգապահական վաշտում գտնվում են մարզի զորամասերից երկու տասնյակից ավելի զինծառայողներ:
Հաստատության ղեկավար, փոխգնդապետ Մուրադ Մկրտչյանը նեկայացրել է ժամկետային զինծառայողների
կողմից թույլ տված խախտումները, համապատասխան վիճակագրություն, ոլորտում առկա խնդիրները,
անդրադարձ է կատարվել ատեստավորման գործընթացին: Պաշտպանը շրջել է տարածքով զրուցել
անձնակազմի հետ, լսել նրանց հուզող խնդիրները:
Այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանը
եղել է նաև սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան բնակավայրերում: Այցերի նպատակն
էր տեղում իրականացնել փաստահավաք աշխատանքներ. հանդիպել բնակիչների հետ, ծանոթանալ
նրանց խնդիրներին:
Տավուշյան այցի արդյունքներն ամփոփվելու են և առաջարկներ են ներկայացվելու
պետական իրավասու մարմիններին: