Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 21-ին, մասնակցել է ՄԻՊ-ին առընթեր
հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական
խորհրդի հերթական նիստին, որի շրջանակներում անցկացվել է «Հաշմանդամություն ունեցող
անձանց համար անձնական օգնականի ծառայության տրամադրումը Հայաստանում» խորագրով քննարկում:
Միջոցառմանը
մասնակցել են ՄԻՊ-ին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության
հարցերով հասարակական խորհրդի անդամներն ու ՄԻՊ աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների
ներկայացուցիչները: Կանադայի արտաքին գործերի նախարարության «Պրո Դեմ» հիմնադրամի կողմից
ֆինանսավորվող, Խորհրդարանական կենտրոնի (Կանադա) «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին»
ծրագրի շրջանակներում ապահովվել է նաև կանադական կողմի մասնագետների առցանց մասնակցությունը
միջոցառմանը։
Ողջունելով
մասնակիցներին` Անահիտ Մանասյանն ընդգծել է ՄԻՊ-ին առընթեր հաշմանդամություն ունեցող
անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի կարևորությունը: Այս
համատեքստում Պաշտպանը նշել է, որ խորհուրդն առանձնահատկություններ ունեցող անձանց
և պետության միջև կամուրջ է. անդամներն աշխատակազմի հետ մշտական կապի մեջ են, արդյունքում
բարձրաձայնվում են խնդիրներ և առաջարկվում դրանց լուծման տարբերակներ:
«Բոլորս
էլ ունենք բազմաթիվ առանձնահատկություններ։ Դրա հետ մեկտեղ ապրում ենք միևնույն միջավայրում
և ամեն օր բախվում տարբեր թվացող, բայց համանման խնդիրների: Կարևոր է, որպեսզի այնպիսի
միջավայր ձևավորենք, որի շրջանակներում մեր առանձնահատկությունները կդառնան հանրային
համերաշխության հիմք։ Առանցքային է, որպեսզի համատեղ ջանքեր գործադրվեն հաշմանդամություն
ունեցող անձանց համար հասանելի և մատչելի միջավայր ստեղծելու ուղղությամբ: Վստահ եմ,
որ միասին մենք դա կարող ենք»,- նշել է Պաշտպանը:
ՀՀ-ում
Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ալիսոն Լը Քլերն (նստավայրը՝ Մոսկվա) ու Խորհրդարանական
կենտրոնի Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Իվո Բալինովը, ովքեր մասնակցում
էին առցանց ձևաչափով, շնորհակալություն են հայտնել Պաշտպանին նման քննակում կազմակերպելու
համար՝ ընդգծելով ոլորտում հայ-կանադական համագործակցության կարևորությունը։ Կանադացի
փորձագետները ներկայացրել են հաշմանդամություն ունեցող անձանց համար անձնական օգնականի
ծառայության տրամադրման, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության ծառայությունների
վերաբերյալ իրենց երկրի փորձը, ինչպես նաև համատեղ պարտականությունները Կանադայի դաշնային
և նահանգային մակարդակների միջև՝ հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության վերաբերյալ։
Անցկացվել
է նաև հարցուպատասխան, որի շրջանակներում բարձրաձայնվել են ոլորտին առնչվող տարբեր
բնույթի հարցեր:
ՄԻՊ աշխատակազմի
հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների բաժնի պետի ժամանակավոր փոխարինող Անի
Օհանջանյանը ներկայացրել է Հայաստանում անձնական օգնականի ծառայության տրամադրման հետ
կապված ՄԻՊ-ի կողմից արձանագրված խնդիրները, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների
պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամները խոսել են այն մասին, թե ինչ
խոչընդոտներ կան Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Քննարկման
շրջանակներում ընդգծվել է հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու, իրենց համայնքում
ներառվելու, այդ թվում` հանրությանը հասանելի ծառայություններից օգտվելու իրավունքների
իրականացման, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության
և հաղորդակցության մատչելիության խթանման կարևորությունը:
Նիստի
ավարտին Անահիտ Մանասյանը նշել է, որ քննարկման ընթացքում հնչած հարցերն ու առաջարկները
կուսումնասիրվեն՝ վեր հանված խնդիրների լուծման տարբերակներ մշակելու նպատակով: Պաշտպանը
նաև հավելել է, որ նման ձևաչափով հանդիպումները լինելու են շարունակական: