Մարդու իրավունքների
պաշտպանն արձանագրում է, որ արդեն 7 ամսից ավելի Արցախի հայ բնակչությունը գտնվում
է հումանիտար շրջափակման մեջ, ինչի հետևանքով մարդասիրական աղետն օր օրի ավելի է
խորանում՝ անուղղակիորեն հանգեցնելով անդառնալի հետևանքների, այդ թվում՝ մարդկային
կորուստների:
Մասնավորապես, Արցախը
Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման
հետևանքով շարունակաբար խախտվում են մարդկանց, հատկապես՝ խոցելի խմբերի
ներկայացուցիչների հիմնարար իրավունքները և ազատությունները, ինչպիսիք են՝ կյանքի,
անվտանգության, ազատ տեղաշարժի, սննդի, հոգեկան և ֆիզիկական առողջության
պահպանման, բավարար կենսամակարդակի, կրթության իրավունքները, ինչպես նաև
բնակիչների արժանապատվությունը՝ որպես մարդու իրավունքների և ազատությունների
անքակտելի հիմք։
Ս.թ. հունիսի 22-ից
ադրբեջանական իշխանությունները բետոնե արգելապատնեշներով բացարձակ արգելափակել էին
ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից հումանիտար օգնության
մատակարարումը՝ սրելով Արցախում մարդասիրական իրավիճակը (հումանիտար օգնության
տրամադրումը արգելափակվել է դեռևս հունիսի 15-ից)։ Չնայած նրան, որ այս պահի
դրությամբ բետոնե պատնեշը հանվել է, սակայն մարդասիրական օգնության (առաջին
անհրաժեշտության պարագաների և պարենային ապրանքների) մատակարարումը շարունակում է
արգելափակված լինել Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Առաջին անհրաժեշտության
իրերի ու սննդի բացակայությունն անձանց թերսնման է հանգեցնում, ինչն էականորեն
ազդում է բնակչության առողջական վիճակի վրա: Ավելին, ադրբեջանական կողմը
շարունակաբար խոչընդոտում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից
Հայաստան բուժառուների տեղափոխմանը, այդ թվում՝ պարբերաբար արգելելու միջոցով։
Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված փաստերը և վերլուծությունները վկայում
են, որ ադրբեջանական իշխանությունների նման գործելաոճը՝ ուղղված Արցախի
բնակչության հիմնարար իրավունքների իրացումն անհնարին դարձնելուն, զուգորդված
պետության կողմից հովանավորվող հայատյացության քաղաքականությամբ, մեկ հիմնական
վերջնանպատակ է հետապնդում՝ հումանիտար ճգնաժամի խորացման միջոցով հայաթափել
Արցախը։
Պաշտպանը ևս մեկ անգամ
կոչ է անում միջազգային կազմակերպություններին և դերակատարներին գործուն ջանքեր
գործադրել՝ կանխելու վերահաս էթնիկ զտումը։
Միևնույն ժամանակ, Պաշտպանի
աշխատակազմն իր մանդատի շրջանակում շարունակում է ամենօրյա ռեժիմով
տեղեկատվություն ու փաստեր հավաքագրել և տրամադրել միջազգային
կազմակերպություններին` Արցախում ադրբեջանական իշխանությունների հայատյաց
քաղաքականության հետևանքով մարդու իրավունքների շարունակական կոպիտ խախտումների և
հումանիտար ճգնաժամի ահագնացող հետևանքների վերաբերյալ։