ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման
վարչության ներկայացուցիչները (Կանխարգելման ազգային մեխանիզմ) չհայտարարված մշտադիտարկման
այցեր են իրականացրել Կոտայքի և Արագածոտնի մարզերի դատարանների` ազատությունից զրկված
անձանց ժամանակավոր պահելու վայրեր։
Այցեր են իրականացվել Եղվարդի, Հրազդանի, Չարենցավանի և Աշտարակի
նստավայրեր:
Ուսումնասիրվել են նշված դատարանների` ազատությունից զրկված
անձանց ժամանակավոր պահման խցերի պայմանները, տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից
զրկված անձանց, դատարանների աշխատակազմերի, դատական կարգադրիչների և Ոստիկանության`
ուղեկցող գումարտակի ծառայողների հետ:
Ուսումնասիրությունների ընթացքում արձանագրվել են հետևյալ խնդիրները՝
• Կոտայքի դատարանի Հրազդան նստավայրում առկա են խիստ անբավարար
պայմաններ: Ազատությունից զրկված անձանց պահելու համար նախատեսված միակ խուցը գտնվում
է դատարանի շենքի առաջին հարկում, որտեղ չկան պատուհաններ, բնական լուսավորություն,
բացակայում է օդափոխությունը։ Խցում չկա աթոռ, իսկ միակ սեղանը հիմնականում ծառայել
է որպես պահեստ՝ վրան դրված են եղել մեծ թվով
թղթապանականեր։ Բացակայել է ազատությունից զրկված անձանց համար նախատեսված սանհանգույցը,
և նրանք ստիպված են եղել օգտվել ընդհանուր սանհանգույցից։ Ի տարբերություն շենքի այլ
սենյակների՝ խցում բացակայել է նաև ջեռուցման համակարգը, ինչն անթույլատրելի է՝ հաշվի
առնելով հատկապես ցուրտ եղանակային պայմանների ժամանակ խցերում պատշաճ ջերմային ռեժիմի
ապահովման անհրաժեշտությունը:
• Մշտադիտարկված դատարանների բոլոր նստավայրերում խցերի սանհանգույցները
խցի բնակելի հատվածից առանձնացված չեն եղել ամբողջական պատով և չեն ունեցել դռներ:
Ավելին, կիսապատերն այնքան ցածր են եղել, որ մեծամասամբ չեն ծածկել անձի նույնիսկ մինչև
գոտկատեղը։ Այս վիճակը հատկապես անընդունելի է մարդու նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի
ու նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիության տեսանկյունից: Հարցն ավելի զգայուն է այն
պարագայում, երբ ազատությունից զրկված անձը կին է, իսկ ուղեկցող գումարտակի աշխատակիցները
հիմնականում տղամարդիկ են։
• Շարունակում են մտահոգիչ մնալ Աշտարակի նստավայրի խցերի՝ նախկինում
ևս արձանագրված անբավարար պայմանները։ Խցերի դռներն ամբողջությամբ բաց ճաղերով են,
իսկ ներսում սանհանգույցներն ունեն այնպիսի տեղակայում, որ ակնհայտ երևում են միջանցքից:
Սա մարդու նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ու նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիության
իրավունքի խախտում է։ Ավելին, խցում բացակայել է նաև հոսող ջուրը, և ազատությունից զրկված անձանց այն
տրամադրվել է պլաստմասե շշերով։
• Անընդունելի է նաև այն, որ բոլոր սանհանգույցները միայն ասիական
տիպի են։ Դատարանների խցերը և խցերի սանհանգույցները հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ
ունեցող անձանց կարիքներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանների շենքերը
նույնպես հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց կարիքներին, խցերից
դատական նիստերի դահլիճ տեղափոխումը մարդու իրավունքների, արժանապատվության տեսանկյունից
անընդունելի է: Բացի այդ, դիտարկված խցերն ունեն նաև վերանորոգման կարիք․ պատերի ծեփամածիկները եղել են թափված, տեսանելի
են եղել ճաքեր:
• Աշտարակի նստավայրի խցերից մեկում չի եղել պատուհան, բնական
լուսավորությունն ապահովվել է ճաղավանդակից, բացակայել է պատշաճ օդափոխությունը:
• Ուսումնասիրված խցերում
բացակայել են հիգիենիկ պարագաները, մասնավորապես՝ Եղվարդի և Աշտարակի նստավայրերում՝
օճառը, սանիտարական թուղթը, աղբամանը, Չարենցավանի նստավայրում՝ օճառը և աղբամանը,
ինչպես նաև խցերից մեկում չի եղել աթոռ և սանիտարական թուղթ։
• Որևէ խցում առկա չեն եղել ազատությունից զրկվածների համար
նախատեսված սննդի ընդունման համար անհրաժեշտ պայմաններ: Տեղեկություններ են ստացվել
նաև այն մասին, որ ազատությունից զրկված անձանց քրեակատորողական հիմնարկներից սնունդ չի տրամադրվում։
• Մշտադիտարկման ժամանակ ուսումնասիրվել են նաև ազատությունից
զրկված անձանց դատարան տեղափոխման համար շահագործվող տրանսպորտային միջոցները․ մեքենաների
խցերի չափերը չեն համապատասխանել միջազգային ստանդարտներին, չեն ունեցել բավարար լուսավորություն
և օդափոխություն, տեղաշարժման կարիք ունեցող անձանց կարիքներին հարմարեցված չեն եղել։
• Արձանագրվել է նաև, որ ուղեկցող ոստիկանների համար ոչ բոլորը
մեքենաներում է նախատեսված նստարան, և նրանք ստիպված են ինքնաշեն փայտե նստարանից օգտվել։
Այս խնդիրներն ունեն համակարգային բնույթ և մշտապես արձանագրվում
են Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում:
Այցի արդյունքներն ամփոփվում են և համապատասխան առաջարկներով
կներկայացվեն իրավասու պետական մարմիններին: