Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի
18-ին, ընդունել է Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած
պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի
աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները: Այս համատեքստում նա ընդգծել է
ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում
իրականացվող աշխատանքների կարևորությունը: Պաշտպանը նշել է, որ այդ երևույթներն ինչպես
ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լայն տարածում են գտնում, ինչն անընդունելի
է: Հատկապես մտահոգիչ է ատելության խոսքի կիրառումն ակադեմիական համայնքում, քաղաքական
և հանրային գործիչների կողմից, ինչպես նաև մեդիադաշտում։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել
է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից:
Հանդիպման ընթացքում Պաշտպանն անդրադարձել է անհայտ կորած, գերեվարված
և զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև վերջիններիս ընտանիքի անդամների
իրավունքների պաշտանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Անահիտ Մանասյանը
տեղեկացրել է, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում վերջիններիս ծնողների և հարազատների
հետ, ներկայացված խնդիրները բարձրաձայնում միջազգային գործընկերների հետ հանդիպումների
և հաղորդակցությունների ընթացքում։
Քննարկվել են ԵԽ գրասենյակի կողմից իրականացվող ոլորտային ծրագրերը,
որոնք առնչվում են ընտանիքում բռնության կանխարգելմանը, զինված ուժերում մարդու իրավունքների
պաշտպանությանը և մի շարք այլ հարցերի։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Եվրոպայի
խորհրդի Մարդու իրավունքների միջկառավարական համագործակցության վարչության (CDDH) կողմից
2023 թվականի հունիսի 28-ին Ստրասբուրգում կազմակերպված միջազգային աշխատաժողովին՝
նվիրված զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը։ Կողմերը բարձր են գնահատել
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչի մասնակցությունը և ընդգծել ԵԽ ծրագրերի
շրջանակներում գրանցած արդյունքները։
Իր հերթին Մարտինա Շմիդտը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության
ոլորտում Պաշտպանի աշխատակազմի և Եվրոպայի Խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ
համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել արդյունավետ աշխատանքը։