Մարդու իրավունքների պաշտպանն այսօր՝ հուլիսի 18-ին, հրապարակել
է ՀՀ Արարատի մարզի Երասխ բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների
հետևանքով մարդու իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույց:
Փաստաթղթում ներկայացվում են Պաշտպանի կողմից Երասխ բնակավայրում
իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներով արձանագրված մարդու հիմնարար իրավունքների
խախտումները։
Զեկույցում հավաքագրվել և վերլուծվել են 2023 թվականի հունիսին
բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների հետևանքով մարդու իրավունքների
խախտումները, ինչպես նաև ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի
խնդիրները լուծելու համար առաջարկությունների փաթեթ։
2023 թվականի հունիսի 13-14-ին ադրբեջանական մարտական դիրքերից
կրակահերթեր են արձակվել Երասխ բնակավայրի ուղղությամբ, հատկապես ինտենսիվ ու թիրախային
գնդակոծության է ենթարկվել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող մետալուրգիական
գործարանը: Կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել և բժշկական կենտրոն տեղափոխվել
Հնդկաստանի երկու քաղաքացի։
Ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով խախտվել
են խաղաղ բնակչության կյանքի, հոգեկան և ֆիզիկական անձեռնմխելիության, սեփականության,
կրթության, աշխատանքի, ձեռնարկատիրությամբ զբաղվելու և մի շարք այլ հիմնարար իրավունքները։
Արտահերթ զեկույցը թարգմանվելու է անգլերեն և ուղարկվելու է
մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին
և դերակատարներին, պետական իրավասու գերատեսչություններին։