Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի
14-ին, մասնակցել է «Հայաստանն ավելի ուժեղ դարձնելով. Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը
Հայաստանում» խորագրով միջոցառմանը։
Անահիտ Մանասյանն իր ելույթում անդրադարձել է կանանց իրավունքների
պաշտպանության և խթանման ուղղությամբ Հայաստանում իրականացվող քայլերին։ Գործընթացի
հաջող իրականացման համար նա ընդգծել է տարբեր կարծրատիպերի հաղթահարման կարևորությունը։
Այս համատեքստում Պաշտպանը նշել է, որ անհրաժեշտ է լուրջ աշխատանքներ իրականացնել կրթության
ոլորտում, քանի որ դպրոցական տարիներից է ձևավորվում կարծրատիպային մտածողությունը։
Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև մարզերում բնակվող կանանց
տարբեր գործընթացներում մասնակցության խնդրին։ Պաշտպանը նշել է, որ մարզեր իրականացվող
այցերի ժամանակ տարբեր քննարկումներ է անցկացնում կանանց հետ, կարևոր դերակատարություն
ունի նաև ՄԻՊ առընթեր կանանց խորհուրդը։
Պաշտպանը ներկայացրել է նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների
ներկայացուցիչ կանանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ իրականացվող
աշխատանքները։ Նա նշել է, որ շուտով ստեղծվելու է ՄԻՊ առընթեր ազգային փոքրամասնությունների
հարցերով հասարակական խորհուրդ, ինչի արդյունքում նշված խնդիրների հաղթահարման հնարավորությունները
կմեծանան։
«Անձամբ եմ աշխատելու ազգային փոքրամասնությունների համայնքների
կանանց հետ»,- ընդգծել է նա։
Պաշտպանը խոսել է նաև որոշումներ կայացնելու գործընթացում կանանց
ներգրավվածության խթանման մասին` ընդգծելով, որ կանանց ներգրավվածությունը կարևոր է
կառավարման ոչ միայն միջին, այլ նաև որոշումների կայացման մակարդակում։
«Հայաստանն ավելի ուժեղ դարձնելով. Կանայք, խաղաղությունը և
անվտանգությունը Հայաստանում» խորագրով միջոցառումն անցկացվում է Հայաստանում Եվրոպական
միրության պատվիրակության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում։ Այն իրականացնում
է «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպությունը և նվիրված է ՄԱԿ-ի ԱԽ «Կանայք,
խաղաղություն և անվտանգություն» N1325 բանաձևի գործողությունների երկրորդ ազգային ծրագրի
կիրարկումը բարելավելու համար իրականացվող քայլերին։ Միջոցառումը երկօրյա է և անցկացվում
է հուլիսի 14-15-ը։