Ադրբեջանի
ծանր հանցագործությունների դատարանն Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքից
գերեվարված երկու հայ զինծառայողներին մեղավոր է ճանաչել Ադրբեջանի քրեական օրենսգրքի
տարբեր հոդվածներ ենթադրաբար խախտելու համար և դատապարտել 11 տարի 6 ամիս ժամկետով
ազատազրկման:
Համաձայն
ծնողներից և հարազատներից ստացված տեղեկատվության՝ Հայաստանի զինված ուժերի զինծառայողներ
Կարեն Աշոտի Ղազարյանը (ժամկետային զինծառայող) և Հարություն Յուրիկի Հովակիմյանը
(պայմանագրային զինծառայող) 2023 թվականի մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան
տարածքից գերեվարվել են ադրբեջանական զինուժի կողմից։
ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացված տեղեկատվության համաձայն՝ երկու հայ զինծառայողները
սնունդ և ջուր են տանելիս եղել ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքեր, և Ադրբեջանի զինված
ուժերի զինծառայողների կողմից գերեվարվել են Հայաստանի Հանրապետության Ճակատեն և Շիկահող
գյուղերի միջդիրքային ճանապարհից։
Այս առնչությամբ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի կողմից գրանցված տեղեկատվությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական
իշխանությունների գործողությունները` Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից
հայ զինծառայողներին գերեվարելը, այնուհետև կեղծ մեղադրանքներ առաջադրելը և անարդար
դատաքննության ենթարկելը՝ միջազգային իրավունքի, մարդու իրավունքների միջազգային իրավունքի
և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ են։
Այս գործողությունները
հակասում են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը, Քաղաքացիական և քաղաքական
իրավունքների մասին միջազգային դաշնագրին և միջազգային մարդասիրական իրավունքի, այդ
թվում՝ Ժնևյան երրորդ կոնվենցիայի պահանջներին:
Զինծառայողները
գերեվարվել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից չընդհատվող զինված հակամարտության
ընթացքում։ Միջազգային մարդասիրական իրավունքը գործում է այսպիսի իրավիճակներում՝ անկախ
ընդհարման պատճառներից կամ ինտենսիվության մակարդակից։
Ավելին,
Ադրբեջանի իշխանությունների կողմից քարոզվող հայատյացության քաղաքականությունը ևս մեկ
ապացույց է քրեական դատավարության անօրինականության վերաբերյալ։ Ակնհայտ է, որ այս
պայմաններում վտանգված են հայ ռազմագերիների հիմնարար իրավունքները։
Մարդու
իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիները գտնվում են
խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի մշտական
վտանգի ներքո, ինչի մասին են վկայում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից
արձանագրած տեղեկությունները։
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրում և ամփոփում է վերոնշյալ տեղեկատվությունը
և ներկայացնելու է միջազգային կազմակերպություններին և այլ դերակատարներին, ինչպես
նաև պետական իրավասու մարմիններին։