Մարդու
իրավունքների պաշտպանի հաստատությունը համալրվել է մարզային ևս մեկ ստորաբաժանումով:
Այսօր՝ հուլիսի 4-ին, Վանաձոր քաղաքում տեղի է ունեցել ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային
ստորաբաժանման բացման հանդիսավոր արարողությունը:
Այն գտնվում
է Վանաձոր քաղաքի կենտրոնական հատվածում՝ Տիգրան Մեծ 24/3 հասցեում: Աշխատելու է շաբաթական
5 օր, սակայն մարզի բնակիչների խնդիրները լուծելու է շուրջօրյա գրաֆիկով:
Հանդիսավոր
արարողությանը մասնակցել և բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան
Անահիտ Մանասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը,
ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիլիշվիլին և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը:
Բացման
արարողությանը ներկա են եղել նաև միջազգային կառույցների, պետական տարբեր գերատեսչությունների
և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Ողջունելով
հյուրերին՝ Պաշտպանը նշել է, որ մարզային ստորաբաժանման բացումը ևս մեկ նշանակալի քայլ
է մարդու իրավունքների խթանման և պաշտպանության ուղղությամբ: Այս համատեքստում նա հատուկ
ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության բոլոր
բնակավայրերում պետք է հասանելի և մատչելի լինի:
«Շիրակ,
Սյունիք, Տավուշ, Գեղարքունիք, իսկ այսօր արդեն Լոռի. հպարտությամբ պետք է նշեմ, որ
Պաշտպանի հաստատության տարածքային ընդգրկվածությունը ընդլայնվում է: Այս ստորաբաժանումը
կարևոր դերակատարում կունենա մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Ցանկանում
եմ շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին, մասնավորապես՝ մեծարգո
տիկին Անդրեա Վիկտորինին, Նաթիա Նացվիլիշվիլիին, ովքեր մեծ նվիրումով աջակցել են ՄԻՊ
հաստատությանը տարբեր ծրագրերի շրջանակում: Նաև շնորհակալություն եմ հայտնում մարզպետ
պարոն Արամ Խաչատրյանին ստորբաժանման բացման արարողությանը մասնակցելու համար»,- ասել
է Պաշտպանը:
Միևնույն
ժամանակ Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ մարզային ստորաբաժանումների առկայությունը ինքնանպատակ
չէ և պատշաճ աշխատանքի պարագայում կարևոր երաշխիք է մարդու իրավունքների` առավել արդյունավետ
պաշտպանության իրականացման տեսանկյունից: Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ չկա
այլ եղանակ` կայուն և ժողովրդավար հասարակություն կառուցելու ճանապարհին, քան իրավունքի
գերակայության երաշխավորումն ու իրավունքների պաշտպանության հասանելի կառուցակարգերի
ձևավորումը:
Անդրեա
Վիկտորինը և Նաթիա Նացվիլիշվիլին շնորհավորել են ստորաբաժանման բացման առթիվ՝ նշելով
մարզերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի զարգացման կարևորությունը:
Իր հերթին
ստորաբաժանման պատասխանատու Տիգրան Մադաթյանը ներկայացրել է մարզում մարդու իրավունքների
պաշտպանության վիճակը, արձանագրված խնդիրները, ինչպես նաև իրականացվելիք աշխատանքների
տեսլականն ու ուղղությունները: Նա վստահեցրել է, որ ջանք ու եռանդ չեն խնայելու մարզի
բնակչության իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման ուղղությամբ:
ՄԻՊ աշխատակազմի
Լոռու մարզային ստորաբաժանման բացումը իրականացվել է «Հաշվետու հաստատություններ և
մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում
է Եվրոպական միության կողմից և իրականացվում ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության
հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից։