Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր՝ հունիսի 30-ին, կազմակերպել է բուլինգի հիմնախնդիրներին
նվիրված քննարկում. նպատակն էր ներկայացնել «Բուլինգի հիմնախնդիրները ՀՀ հանրակրթական
ուսումնական հաստատություններում» ուսումնասիրության արդյունքները:
Բացման
խոսքով են հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի արդարադատության
մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորիա Օհանյանը: Մասնակցել են պետական տարբեր կառույցների,
հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նաև հոգեբաններ և մանկավարժներ:
Անահիտ
Մանասյանը նշել է, որ բուլինգի կանխարգելման կարևորագույն բաղադրիչը համերաշխ և իրավունքներ
պաշտպանող հասարակության ձևավորումն է: Այստեղ մեծ է նաև պետության դերը, որն ունի
հստակ պարտավորություններ:
«Չափազանց
կարևոր է բուլինգի բացառումը հասարակական հարաբերություններից։ Դրա համար պետք է ստեղծել
նախադրյալներ և հստակ մեխանզիմներ: Այս համատեքստում, շատ մեծ աշխատանք պետք է կատարվի:
ՄԻՊ աշխատակազմը բուլինգի դեմ պայքարի ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում: Սերտ
աշխատում ենք միջազգային գործընկերների, պետական իրավասու մարմինների, հասարակական
կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ: Ցանկանում եմ հատուկ ընդգծել
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ մեր համագործակցությունը, որի շրջանակներում իրականացվել են իրազեկման
ակցիաներ և մասնագետների վերապատրաստումներ: Անհրաժեշտ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել,
որ նպատակների իրականացման վերջարդյունքին հասնել հնարավոր չէ միայնակ։ Դա հնարավոր
է միայն բոլորիս համատեղ արդյունավետ աշխատանքի միջոցով»,-նշել է Պաշտպանը:
Իր հերթին,
Վիկտորիա Օհանյանը նշել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության
միջև երկարատև փոխգործակցությունը հանգեցրել է բազում դրական արդյունքների, ներկայումս
այդ համագործակցությունը կարևոր հիմքեր է ստեղծում բուլինգի դեմ արդյունավետ պայքարի
համար: Նա հատկապես ընդգծել է այն փաստը, որ Հայաստանում երեխաները Պաշտպանին սկսել
են ընկալել որպես իրենց իրավունքների իրացման երաշխավոր: Նա վերահաստատել է պատրաստակամությունը
շարունակել համագործակցությունը հանուն երեխաների իրավունքների պաշտպանության:
Միջոցառման
ժամանակ ուսումնասիրությունների մեթոդաբանությունն ու կառուցվածքը ներկայացրել են փորձագետներ՝
իրավաբան Լաուրա Կարապետյանը և սոցիոլոգ Գայանե Հովակիմյանը, իսկ վեր հանված խնդիրների
լուծման առաջարկները՝ ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության
երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անահիտ Խաչատրյանը:
Քննարկման
վերջում անցկացվել է նաև մտքերի փոխանակում, առանձնացվել են մի շարք կարևոր խնդիրներ,
որոնց լուծումն առաջնային է բուլինգի դեմ պայքարի գործում: Ամփոփելով միջոցառումը՝
Պաշտպան Անահիտ Մանասյանը նշել է, որ երևույթի դեմ պայքարելու համար շատ կարևոր է համատեղ
աշխատանքի արդյունքում մշակել մեթոդաբանություն, ինչպես նաև առաջնահերթ է պետական իրավասու
մարմինների կողմից խնդիրներին արագ արձագանքումը:
Միջոցառմանը
մանակցել են նաև ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական
խորհրդի անդամները և երիտասարդներ: