Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝
հունիսի 27-ին, ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մերլե Շպելլերբերգի
գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է կառույցի գործունեության
առաջնահերթությունները: Այս համատեքստում նա ընդգծել է երեխաների, կանանց և
հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ
իրականացվող աշխատանքների կարևորությունը, իր մանդատի շրջանակում
անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի,
իրավահավասարության ապահովման շուրջ աշխատանքները շարունակելու
հաստատակամությունը:
Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում,
ինչպես նաև Երասխում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացված փաստահավաք
աշխատանքների արդյունքներին:
Անահիտ Մանասյանը պատգամավորի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով
ստեղծված հումանիտար իրավիճակը, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների
պաշտպանությանը վերաբերելի հարցեր:
Իր հերթին Մերլե Շպելլերբերգը պատրաստակամություն է հայտնել փոխգործակցել
Պաշտպանի հետ մարդու իրավունքների ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու
նպատակով: