Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր՝ հունիսի 26-ին, կազմակերպել է խոշտանգումների
զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկում. նպատակն էր բարձրաձայնել քրեական արդարադատության
համակարգում խոշտանգման, վատ վերաբերմունքի դեպքերի քննության և պատերազմի ընթացքում
և հետպատերազմյան շրջանում զինվորների ու քաղաքացիական, այդ թվում՝ գերեվարված անձանց
նկատմամբ իրականացված խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի առնչությամբ հարցեր:
Բացման
խոսքով են հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում
ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ
Նաթիա Նացվիլիշվիլին: Միջոցառմանը մասնակցել են պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների,
քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ և անկախ փորձագետներ:
Անահիտ
Մանասյանը նշել է, որ օրվա առթիվ կազմակերպված քննարկումը լավ հարթակ է խոշտանգումների
զոհերի աջակցությանը վերաբերելի հարցերը բարձրաձայնելու և լուծման հնարավոր տարբերակներ
գտնելու համար: Պաշտպանի դիտարկմամբ խոշտանգման դեպքերը շարունակում են մարտահրավեր
մնալ մարդկության դեմ հանցագործությունները կանխարգելելուն և պատժելուն ուղղված միջազգային
իրավակարգի ու պետությունների կոլեկտիվ պայքարի համար։
«Ցավոք,
հանցագործության այս տեսակը տարածված է մի շարք երկրներում: Ցանկանում եմ հատուկ անդրադարձ
կատարել ադրբեջանական իշխանությունների կողմից հայ ռազմագերիներին ու քաղաքացիական
անձանց խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելու դեպքերին։ Այդ հանգամանքը
պետք է արժանանա պատշաճ գնահատականի»,- ասել է Անահիտ Մանասյանն իր բացման խոսքում:
Միևնույն
ժամանակ Պաշտպանը քննակման մասնակիցներին տեղեկացրել է, որ չնայած ոլորտը կատարելագործելու
ուղղությամբ ձեռնարկված քայլերին` ՄԻՊ աշխատակազմում շարունակվում են դիմում-բողոքներ
և ահազանգեր ստացվել քրեակատարողական հիմնարկներում, ոստիկանությունում, քննչական մարմիններում
խոշտանգման առերևույթ դեպքերի վերաբերյալ։ Դա նշանակում է, որ պետությունը դեռ լուրջ
աշխատանք ունի իրականացնելու նշված դեպքերի կանխարգելման, գործերի արդյունավետ քննության
և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Իրենց
հերթին, Անդրեա Վիկտորինը և Նաթիա Նացվիլիշվիլին ևս կարևորել են նման ձևաչափով քննարկումները,
որոնք հնարավորություն են տալիս բացահայտել ոլորտում առկա բացերն ու խնդիրները։ Նրանք
ընդգծել են, որ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ցանկացած դեպք անընդունելի է ժամանակակից
քաղաքակրթությունում, իրենց առաքելության շրջանակում գործակցելով Մարդու իրավունքների
պաշտպանի հետ ջանքեր կգործադրեն երևույթից հասարակությանը զերծ պահելու համար։
Քննարկումը
կազմակերպվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը
Հայաստանում» ծրագրի աջակցությամբ: Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից
և իրականացվում ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից: